«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի ընդդիմություն թե ոչ, կախված կլինի ընտրության արդյունքներից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Ընտրությունները պետք է ավարտվի, հասկանանք՝ մենք ուր ենք։ Ընդդիմություն թե ինշխանություն լինելը կախված է ուժերի ստացած ձայների համամասնությունից»,-նշեց նա։


Մարուքյանը, սակայն, հայտնեց՝ ամեն ինչ անում են, որ «Լուսավոր Հայաստանը» ՀՀ-ում լինի երկրորդ քաղաքական միավորը Հայաստանում։ Նրա կարծիքով՝ դա կնպաստի, որ քաղաքական համակարգը առողջանա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Էդմոն Մարուքյանի խոսքով, ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով, ցուցակում ընդգրկված կլինեն նաեւ տարբեր քաղաքացիական խմբերից, տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյթինգային ընտրակարգով կառաջադրվեն հանրապետության 13 ընտրատարածքներում:

Հարցին՝ իրենց ցուցակում ներառված կլինեն ՀՀԿ ներկայացուցիչներ կամ մարդիկ, որոնք նախկինում եղել են ՀՀԿ կազմում, Մարուքյանը ասաց․ «Մենք որոշում ունենք, որ մեր ցուցակում աշխատելու ենք չներգրավվել մարդկանց, որոնք կարող են ստվերել «Լուսավոր Հայաստանի» կամ «Լույսի» 0,1 տոկոսը, որքան էլ ձայն նրանք կարողանան բերել։ Տեղներս այնքան նեղ չի, որ նման քայլերի դիմենք»։

Ռեյթինգային ընտրակարգով առաջադրվել Մարուքյանը հակված չէ, որովհետեւ համամասնական քարոզարշավն իրենց քաղաքական թիմի ուսերին է․ «Եթե մենք առաջադրվում ենք ռեյթինգային ընտրակարգով, դա նշանակում է, որ ինչ-որ մի տարածքում ավելի շատ պիտի լինենք, քան մնացած տարածքներում»,-նշեց նա՝ հավելելով, որ կա ժամանակային խնդիր։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: