«Իրավիճակն է այդպիսին, որ միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է», lragir.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ակնարկելով, որ մյուսները ֆեյք, ստի ընդդիմություն են: Նույնը կրկնում են ՀՀԿ այլ «քաղաքական» դեմքերը:

Հիշվում է՝ 2017 թ. խորհրդարանի ընտրությունից առաջ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարում էր, որ միակ ինստիտուցիոնալ ընդդիմությունը ՀԱԿ-ն է, մյուսները կեղծ, Բաղրամյան 26-ից կառավարվող ընդդիմություն են: Ավելի վաղ, 2014-2015 թթ. բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շրջանում Լեւոն Զուրաբյանը հայտարարում էր, որ ԲՀԿ-ն նույնպես ընդդիմություն է: Բայց երբ հեղափոխությունը ցրվեց, ԲՀԿ-ն էլ անցավ իր սովորական ընթացքին, Լեւոն Զուրաբյանը միակ ընդդիմություն հռչակեց ՀԱԿ-ը:

Թե այն ժամանակ ՀԱԿ-ը, թե ներկայում ՀՀԿ-ն փորձում են վիճարկել «միակ ընդդիմության» տիտղոսը՝ որպես խորհրդարանում հայտնվելու հիմնավորում: Իսկ հիմնավորման հիմնավորումներն էլ իրարից չեն տարբերվում՝ կադրային բազա, փորձ, գիտելիքներ եւ այլն:

Օրինակ, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:

Ուշագրավ մի նմանություն էլ՝ թե ՀԱԿ-ը յուր ժամանակին, թե ՀՀԿ-ն ներկայում այդպես էլ գոնե ձեւի համար ներողություն չեն խնդրել ժողովրդից իրենց կառավարման տարիների ձախողումների համար: Ավելին, դրա համար մեղադրել են ժողովրդին, ինչպես օրինակ Վիգեն Սարգսյանն է անում, խոսելով, թե պետք չէ «խռովել» ժողովրդից: Այսինքն, ժողովուրդը սխալ է եղել, բայց ոչինչ:

Այն ժամանակ ՀԱԿ-ը չանցավ խորհրդարան՝ ժողովուրդը արժանին մատուցեց նրան: Ներկայում ժամանակն է արժանին մատուցել ՀՀԿ-ին, քանի դեռ չեն «խռովել» ժողովրդից:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am