6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ–ական նախագահ Արա Բաբլոյանը, ինչպես նաեւ իր որդին առաջիկա արտահերթ խորհրդարանական չեն առաջադրվի որպես պատգամավորի թեկնածու։ Այս մասին Բաբլոյանը հայտնեց այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում։

«Գնում եմ առղջապահության ոլորտ, այլ պատճառ չկա, ես 71 տարեկան եմ, բավական է ինչքան գործունեություն եմ ծավալել»,- ասաց նա՝ հավելելով, որ «հիմա պետք է առաջադրվեն ավելի երիտասարդ, բայց միաժամանակ փորձ ունեցող գործիչներ»:


Այնուամենայնիվ, նա գտնում է,որ ՀՀԿ–ն պետք է մասնակցի ընտրություններին. «ՀՀԿ–ն ունի լուրջ մարդկային եւ մասնագիտական պոտենցիալ եւ կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումների համար»։

Բաբլոյանը ՀՀԿ–ի վերափոխումը անհնար չի համարում եւ հավատում է, որ կարող է կուսակցությունը վերափոխվել. «Իսկ ինչո՞ւ ոչ։ Դուք օրինակ, նշեցիք Վիգեն Սարգսյանի անունը, իր դեպքում մենք ի՞նչ թերություն ենք տեսնում այդ անձի կողմից, տեսնում ենք, որ նա դրական կերպար ունի, կրթված, բանիմաց։ Եթե ծրագրով ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների եւ փոփոխություն իրականացնել հենց կուսակցության ներսում, ապա ինչու նման հնարավորություն չտալ»։

Բաբլոյանը պնդում է՝ ՀՀԿ–ին չի անդամագրվել պաշտոն ստանալու համար. «Ես ձեզ ասեմ՝ մտա կուսակցություն 2012 թվականին եւ մտա միայն նրա համար, որ կուսակցությունը վերցրել էր այն ճանապարհը, որ գնար մոնոպոլիայի դեմ պայքարեր, կոռուպցիայի դեմ պայքարեր: Ես այն ժամանակ, հենց մտա այդ կուսակցություն, այդ հայտարարությունն արեցի։ Ես մտա կուսակցություն ոչ թե պաշտոն գրավելու համար, այլ նպատակ ունեի ավելի ճիշտ ձեւով մասնակցեի, ծրագրերն առաջ տանել»:

Հարցին, թե ինքը ՀՀԿ-ին ընդդիմադիր համարո՞ւմ է, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Նախ որեւէ կուսակցություն ընդդիմություն կդառնա այն ժամանակ, երբ կլինի փոքրամասնություն: Պետք է ավարտվեն ընտրությունները, դրանից հետո կորոշվի՝ ով կլինի ընդդիմություն»: