5 օր է մնացել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտերը ԿԸՀ ներկայացնելու համար, սակայն նոր ձևավորված որոշ կուսակցություններ դեռ պետական գրանցում չունեն։ Իսկ «բանավոր» հայտեր արդեն ներկայացվել են․ քաղաքական որոշ ուժեր արտահերթին մասնակցելու հստակ որոշում ունեն, մի քանիսն էլ դեռ քննարկումների մեջ են։ NEWS.am–ը փորձել է պարզել, թե արտախորհրդարանական ուժերից որո՞նք և ի՞նչ ձևաչափով են մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին։

Նոր ձևավորված «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը արտահերթին կմասնակցի առանձին։ Կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության ցուցակը կգլխավորի ինքը։

Վերջերս ձևավորված մեկ այլ կուսակցություն՝ «Այլընտրանքը», ընտրություններին հանդես կգա դաշինքով։

«Այլընտրանքի» ղեկավար Էդգար Առաքելյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցում են՝ դաշինք ձևավորելու շուրջ։ Նա ասաց, որ մինչև երկուշաբթի կհայտարարեն, թե կոնկրետ ո՞ր ուժերի հետ են դաշինք կազմելու։

«Ալյանս» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին․ կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը NEWS.am–ի հետ զրույցում միայն հաստատեց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։

Ընտրություններին կմասնակցի նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը նույնպես դեռ չի հստակեցրել մասնակցության ձևաչափը։

Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը NEWS.am-ին ասաց, որ այս պահին ընթանում է կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվում է մասնակցության ձևաչափը։ Կան տեղեկություններ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Հանրապետություն» կուսակցության հետ դաշինքով։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am–ին հայտնեց, որ ընտրություններին կուսակցությունը հնարավոր է դաշինքով մասնակցի նախկին ընդդիմադիր ուժերի և նոր ձևավորված կուսակցությունների հետ։ Նա նշեց, որ մասնակցության ձևաչափի և նախընտրական ցուցակի վերաբերյալ քննարկումները դեռևս չեն ավարտվել։

«Սասնա ծռեր» կուսակցությունը պետական գրանցում է ստացել միայն երեկ՝ նոյեմբերի 8–ին։ NEWS.am–ի հետ զրույցում կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը նշեց, որ ընտրություններին առանձին մասնակցելու ձևաչափը գերիշխող է։ Նա միաժամանակ չբացառեց այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։

Դեռևս պետական գրանցում չունի նոր ձևավորված «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը NEWS.am-ին փոխանցեց, որ կուսակցության գրանցումից հետո միայն կարող են խոսել ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին։

Քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկման փուլում է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, իսկ Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը դեռ չի հստակեցրել՝ արտահերթին կմասնակցի, թե ոչ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում:

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am