Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Շարունակվում է բողոքի ակցիան, որը սկսվել էր օրեր առաջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին դպրոցի բակում հավաքվել են մեծ թվով երեխաներ և ծնողներ՝ ի նշան բողոքի, և հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։ Նրանք պահանջում են, որպեսզի Արմավիրի մարզպետը չեղյալ հայտարարի մինչ նոր ընտրությունները, նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։


Աղբյուրը նշում է, որ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս։ Դպրոցի ներսում՝ մի քանի լսարաններում, այնուամենայնիվ, տեղի է ունենում դասապրոցես, սակայն մեծ մասը հրաժարվում են մտնել դպրոց։

Դպրոց են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։ Երեխաները դպրոցի բակում բրդե ծածկոցներ են փռել և բաց դասեր են անցկացնում։