Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվում է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույցը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է առնվազն կասեցնի շինարարությունը:


«Գործ ունեն համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ապօրինի զավթման դեպքի հետ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշանակումից հետո հայտարարել էր, որ դադարեցնելու է ապօրինի շինարարությունն ու մեկընդմիշտ լուծելու հողազավթման հարցը։

«Մարդիկ ապօրինի շինարարություն էին սկսում, որովհետեւ համոզված էին` որոշ ժամանակ անց կկարողանան օրինականացնել շինությունը։ Այսուհետ նման բան չի լինելու։ Ապօրինի շինությունների բոլոր կառուցապատողները լուրջ խնդիրներ կունենան։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կգերադասեն հարցն օրինական ձեւով լուծել, մաքսիմալ աջակցություն կստանան», – ասել էր նա։