Նոյեմբերի 13-ին Կառավարությունը իտալական Renco ընկերության հետ Երեւանում 250 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ փոփոխված շրջանակային համաձայնագիր ստորագրեց:

Փաստաթուղթը ստորագրեցին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Renco S.p.A-ի գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, եւ Եվրոպայում Siemens ընկերության վաճառքի գծով տնօրեն Փիթր Գիսբերթը (ծրագրի գլխավոր կապալառուն):


Համաձայնագրի ստորագրումից հետո նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Renco ընկերության հետ երկու ամիս տեւած բանակցություններից հետո հաջողվեց էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հասնել՝ նախկինում 1կՎտ/ժ-ի համար համաձայնեցված 6.02 ցենտից (առանց ԱԱՀ) մինչեւ 5,7 ցենտ 1կՎտ/ժ-ի համար:

Այսպիսով, ապագա էլեկտրակայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ամենացածրը Հայաստանում գործող նմանատիպ կայաններից` 27.4 դրամ 1 կվտ/ժամի համար (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում սակագինը 1 կՎտ/ժամի համար 31.5 դրամ է, Երեւան ՋԷԿ-ում`1 կՎտ/ժամի համար` 29.4 դրամ):

«Սպառողն, անշուշտ, դա կզգա, քանի որ մեծածախ գնի փոփոխությունը կազդի վերջնական սպառողական գների վրա», - ասաց Բաղրամյանը:

Սակագների նվազեցումն իր հերթին թույլ կտա Հայաստանին տարեկան 6,4 մլն դոլար տնտեսել, իսկ 25 տարվա ընթացքում՝ 162,5 մլն դոլար: Նոր ՋԷԿ-ը կկառուցվի լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) կլինի 53 տոկոս (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ՕԳԳ-ն հավասար է 44 տոկոսի, Երեւանի ՋԷԿ-ի`49 տոկոս): Շինարարությունը կսկսվի երկու ամսվա նախապատրաստումից հետո եւ կտեւի 26 ամիս:

«Նոր համաձայնագրով իրավաբանական կետերով մի շարք փոփոխություններ են նախատեսված, մասնավորապես նախորդ փաստաթղթով նախատեսված կառավարական երաշխիքներ, օրինակ՝ արժութային փոխարժեքի փոփոխության վերաբերյալ (երկրի ԿԲ-ին անհանգստացնող)»,- նշեց Բաղրամյանը:

Կայանը կկառուցվի Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում եւ կոչված կլինի փոխհատուցել Հրազդանի ՋԷԿ-ի հզորությունը: Բացի այդ կայանը թույլ կտա ապահովել էլեկտրաէներգիայի ավելացող պահանջարկը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում կրիպտոարժույթների մայնինգի համար 110 ՄՎտ հզորությամբ ֆերմաներ են կառուցվում: Էներգաբլոկը նաեւ թույլ կտա սպասարկել իրանական կողմի հետ բարտերային գործարքը՝ «Էլեկտրականություն՝ գազի դիմաց», որի շրջանակներում կառուցվում է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրափոխանցման գիծը:

Կայանը անհրաժեշտ էներգիայի պաշար կապահովի սեզոնային գործոնով պայմանավորված ներքին սպառման աճի համար, ինչպես նաեւ վթարային իրավիճակներում՝ համակարգի կայունություն:

Նախագծի իրականացման գործընթացում կներգրավվի 1200 մարդ, բլոկի շահագործման պահից այնտեղ բարձր աշխատավրձով կաշխատեն 230-250 մասնագետներ:

Նոր սարքավորումը հաջողությամբ գործարկելու համար 50-70 մարդ Գերմանիայում Siemens ընկերությունում կվերապատրաստվի:

Իր հերթին, Renco-ի գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Renco-ն Հայաստանում կիրականացնի ընկերության գործունեությանը համապատասխան նախագիծ՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար:

Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 250 մլն դոլար, որոնցից 60 տոկոսը կիրականացնի Renco-ն եւ իտալական SIMEST SpA ընկերությունը, մնացած 40 տոկոսը՝ գլխավոր կապալառու Siemens-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստին հավանություն էր տվել Երեւանում 250 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ փոփոխված շրջանակային համաձայնագրին: Ավելի վաղ հայկական կողմը իր համար ոչ շահավետ կետերի պատճառով կասեցրել էր համաձայնագիրը: