Խորհրդարանի ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել Սիրիա հայկական ԶՈՒ մարդասիրական առաքելության գործուղման մասին, հարցնելով, թե ով է եղել առաջարկ անողը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախաձեռնությունը Հայաստանից է, իսկ առաքելությունը դույզն իսկ չի շեղվելու մարդասիրական շրջանակից:

Հետաքրքիր հարց է, եւ առաջին հերթին այն առումով, որ Սիրիա մարդասիրական առաքելության գործուղման շուրջ ՌԴ հետ իրականացվող քննարկումների մասին դեռեւս պաշտպանության նախարարի պաշտոնում իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր Վիգեն Սարգսյանը:

Այդ ժամանակ ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանին հարց չէր տվել, թե ո՞վ է ռուսական կողմի հետ այդ քննարկումների նախաձեռնողը, ինչու՞ են դրանք ընթանում: ՀՀԿ-ում այդ ժամանակ երեւի թե ոչ ոք չի լսել ու չի ընթերցել Վիգեն Սարգսյանի հարցազրույցները, դրանք թերեւս չէին հետաքրքրում որեւէ մեկին, քանի որ բոլորը հետաքրքրված էին այլ հարցով՝ ի վերջո Կարեն Կարապետյա՞նը կմնա վարչապետ 2018-ից հետո, թե՞ Սերժ Սարգսյանը լինելու է «անփոխարինելի»: Իհարկե, շրջանառվում էր նաեւ Վիգեն Սարգսյանի անունը, որպես Սերժ Սարգսյանի հավանական անսպասելի լուծում, բայց դրան ըստ երեւույթին իշխանության համակարգում եւ ՀՀԿ-ում լուրջ չէր վերաբերում ոչ ոք:

Համենայն դեպս, Վիգեն Սարգսյանի բարձրաձայնումից հետո չի հնչել Սիրիայի առնչությամբ որեւէ հարց, իսկ հիմա այն հնչում է:

Ընդ որում, դա զարմանալի է ոչ միայն ՀՀԿ ներկայացուցիչների, կամ ՀՀԿ ֆորմալ ներկայացուցիչների, այլ նաեւ փորձագիտական հանրույթի որոշ ներկայացուցիչների մասով: Նրանք էլ Վիգեն Սարգսյանի հարցազրույցից հետո որեւէ կերպ չարտահայտվեցին այդպիսի քննարկումների ու հեռանկարների ռիսկայնության մասով, Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ հնարավոր դժգոհության մասով:

Այդ առիթով մտահոգություններ սկսեցին գեներացվել, երբ մարդասիրական առաքելության մասին հայտարարեց արդեն նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում, դրանք շարունակվեցին անգամ այն բանից հետո, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պարզ հայտարարեց, որ ըմբռնումով են մոտենում, եթե խոսքը մարդասիրական առաքելության մասին է, սակայն նույնքան պարզ ակնարկեցին, որ չարժե խառնվել Սիրիայում ռազմական բախումներին:

Ու թեեւ չկար գեթ մեկ փաստարկ, որը կտար Հայաստանի առաքելության «ռազմական» լինելու հիմք, այդուհանդերձ շարունակվում էր հենց այդ ասպեկտի գեներացումը:

Դա թողնում էր նույնիսկ տպավորություն, որ, եթե ԱՄՆ մի քիչ էլ շարունակի ըմբռնումով մոտենալ Հայաստանի սիրիական առաքելությանը, ապա Հայաստանից կարող են լինել այդ շրջանակների կոլեկտիվ նամակներ ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին պատժելու կոչերով:

Իրականում, խնդիրը շատ ավելի լուրջ եւ խորն է, քան նախկին իշխանության եւ դրան հարող փորձագիտական խմբերի անձնական վերաբերմունքը նոր իշխանության հանդեպ:

Ավելին, այն, որ դեռեւս նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը չէր առաջացրել անհարկի եւ իռացիոնալ աղմուկ, դա ինքնին առողջ դրսեւորում էր: Բանն այն է, որ մերձավորարեւելյան խնդիրը բազմաթիվ շերտերով ու խորություններով ուղղակիորեն առնչվում է ոչ միայն տեղի հայկական համայնքների, այլեւ հայկական պետականության անվտանգությանն ու շահերին: Դրա պատճառները ոչ միայն ռազմա-քաղաքական են, այլեւ ընդհուպ պատմա-քաղաքակրթական:

Ընդ որում, այդ հանգամանքները ոչ թե ավելորդ խնդիր են Հայաստանի համար, այլ համաշխարհային կարեւորագույն հանգույցներից մեկում սեփական ձայնն ունենալու պատեհ հնարավորություն: Որովհետեւ ազդեցությունն այդ իմաստով մեր խնդիրների ու ռեգիոնի վրա լինելու էր անխուսափելի՝ այսպես, թե այնպես, իսկ ահա ձայն ունենալու հնարավորություն չէր լինելու, եթե չլինեին պատմա-քաղաքակրթական եւ քաղաքական այդ ասպեկտները:

Եվ այդ իմաստով, Սիրիայում հայկական առաքելությունը Հայաստանի ձայնն է աշխարհքաղաքական այդ բարդ հանգույցում ու կաթսայում, որտեղ որոշվում են ընդհուպ ճակատագրական հարցեր: Անշուշտ, հայկական 100 հոգանոց մարդասիրական առաքելությունը չափազանց փոքր է թվում այդ բարդ հանգույցում որոշումների մեջ ներգրավված սուբյեկտների եւ դերակատարների շարքում, սակայն տվյալ պարագայում հարցը համամասնությունն է եւ նաեւ սիմվոլիկան, որն արտահայտվելու է հայկական դրոշի տեսքով, որի ներքո իրականացվելու է այդ առաքելությունը:

Խնդիրը համաշխարհային կյանքին հարաբերվելու որակն է, ինչի հարցում շատ կարեւոր է, թե տվյալ սուբյեկտը ինչպես է գիտակցում իր պատասխանատվության սահմանները եւ վերաբերում դրանց: Այդպես էլ աշխարհում վերաբերում են այդ սուբյեկտի հետ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am