NEWS.am–ի տեղեկություններով՝ Երևանում դաժան ծեծի հետևանքով մահացած 20–ամյա Քրիստինեի ամուսինը, 30–ամյա Իլլարիոն Նունուշյանը նախկինում դատապարտված է եղել։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով՝ Նունուշյանը դատապարտվել է երեք տարի, երեք ամիս ժամկետով ազատազրկման՝ խմբի կազմում գողություն կատարելու համար։

Նունուշյանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2013թ. ապրիլին։ Գիշերային ժամին Նունուշյանը երկու այլ տղաների հետ պատուհանի ճաղավանդակը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևանի Արին Բերդի փողոցի 47/1 հասցեում գտնվող շինություն և գաղտնի հափշտակել էլեկտրական շարժիչ` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 50000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նունուշյանի վերաբերյալ քննված քրեական գործի նյութերում տվյալներ կան այն մասին, որ նա ունի սակավամտություն՝ «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն վարքային խանգարումներով»։ Ըստ գործի նյութերի՝ նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատավճռից երևում է, որ Նունուշյանն ունի ութամյա կրթություն, ըստ իր հայտարարության՝ խնամքին երկու անչափահաս երեխա։

Նունուշյանը պատիժը կրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Ավելի վաղ հայտնել ենք, 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնությունը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

Հաջորդ օրը 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում երիտասարդ կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին, բացատրություն է տվել դեպքի առնչությամբ:

Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (ծեծի ենթարկելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ), որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: