ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: Բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր:

Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ընկերությունում իրականացված հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները: Ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները: