Բյուջե 2019-ի քննարկումների ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ-ում կրթությունը պետք է լինի ներառական ու արդար՝ հասանելի բոլորին. «Նախկինում ոլորտում ունեցել ենք մարդիկ, որոնք առաջնորդվել են բացառապես իրենց անձնական շահերով:

Կրթական ոլորտի ղեկավարի գործունեության արդյունքը եղել է այն, որ ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց: Դա, ըստ էության, նույնն է, որ Պաշտպանության նախարարի որդին ծառայի օտար բանակում, կամ Առողջապահության նախարարը մինիմալ կարիքները հոգալու համար գնա հարևան պետություն. այ սա է եղել նախկինում մեր կրթության վիճակը»:

Հարությունյանը նշեց, որ 6 ամիսներին հաջողվել է լուրջ քայլեր իրականացնել. «Որոշ քննադատներ ասում են՝ ապաքաղաքականացումը դարձրել եք ձեր դրոշակը. բա ի՞նչ անեինք, երբ ուսուցիչներին ստիպում էիք ընտրությունից ընտրություն նվաստանալ:

Հեգնանքով ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարն եք սարքել դրոշակ. բա ի՞նչ պիտի անեինք, երբ դպրոցից, բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չեն ազդում կրթության որակի վրա»: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ դեռ երկար են շարունակելու «ճահիճը չորացնելու» աշխատանքները. «Առաջիկայում հաշվետվությամբ հանդես կգանք ու կտեսնեք՝ քանի մլրդ է ծախսվել զանազան, որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա»: