Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին «պատասխան ընդունելությամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկոն ու Ալիևը փոխադարձաբար ընդունելով միմյանց դեսպաններին՝ անասելի շռայլությամբ հավատարմության երդումներ են տվել միմյանց, սակայն նրանց միավորողը չի եղել միայն դա: Նրանց միավորողը եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից հետո:

Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին, ըստ էության, հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, թե ինչ է եղել Աստանայում: Նաև ասել էր, թե Հայաստանի համար ծանր կլինի ղեկավարել թե՛ ԵՏՄ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը: Սա, իհարկե, ուղղակի անհեթեթ պատճառաբանություն է, սակայն Ալիևի նախօրեին Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանն արած հայտարարությունները շատ պարզ վերահաստատում են, որ խնդիրը իրականում շատ ավելի խորն է:

Ալիևը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը խնդիրներ է ստեղծում, իսկ Բելառուսի հետ իրենք շարունակելու են գործակցել ռազմա-տեխնիկական ոլորտում, ու զարմանում են, որ Հայաստանը դրանից աղմկում է, քանի որ իրենք միայն Բելառուսից չէ, որ զենք են գնում: Եվ Ալիևը այստեղ հիշեցրել է ՌԴ զենքի մասին՝ ասելով նաև, թե իրենք գոհ են բելառուսականից:

Այսպիսով ակնառու է Մինսկի ու Բաքվի, այսպես ասած, խաղը Ռուսաստանի նյարդերի հետ, որի համար փորձում են օգտագործել հայաստանյան քվոտայով գլխավոր քարտուղարի խնդիրը: Երբ տեղի կտան Ռուսաստանի նյարդերը և ինչ ձևով, պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան և ակամայից հայտնվի բելառուսա-ադրբեջանական խաղի մեջ, թեև, ըստ էության, ձգտելով հակադրվել դրան:

Պետք է թերևս ելնել հենց այն արձանագրումից, որ այդ խաղի բուն թիրախը Հայաստանը չէ, Հայաստանը շեղող թիրախն է: Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հանգիստ նստի ու նայի, թե ինչպես են Բելառուսն ու Ադրբեջանը փորձում ռուսներին մղել անկյուն: Ի վերջո՝ պրոցեսն ինքը թիրախավորում է նաև Հայաստանը: Պարզապես Հայաստանի, այսպես ասած, հակադարձող, պատասխան գործողությունները պետք է կառուցվեն, մշակվեն ու հաշվարկվեն հենց այն իրողությունից, որ բուն թիրախ, այդուհանդերձ, Ռուսաստանն է:

Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է հակադարձի այնպես, որ օգնություն առաջարկի Ռուսաստանին՝ միաժամանակ նաև հասկացնելով Մոսկվային, որ առանց Հայաստանի օգնության, և առավել ևս Հայաստանի շահերի հաշվին այդ խաղի դեմ որևէ հակախաղ կառուցելը Մոսկվայի համար կլինի գրեթե անհնարին:

 

Նյութի աղբյուրը՝ 1in.am