Երեւանում ժամանակին նման անեկդոտներ կային, որոնց էությունն անկապությունն էր: Ինչքան անկապ լինեին խաշ ուտողները կամ նրանց գնացած տեղը, այնքան անեկդոտը համարվում էր «խնդալու»:

ՀՀԿ-ն հրապարակել է իր նախընտրական ցուցակը, երկար տվայտանքներից, հոխորտանքներից ու խոստումներից հետո: Ընդ որում, այդպես էր լինում ցանկացած ընտրությունից առաջ, բայց եթե նախկինում ՀՀԿ ցուցակների մեջ կար երկաթյա տրամաբանություն, երեւում էր այն առանցքը, որի շուրջ էլ հավաքվում էր այն, ներկայիս ցուցակն աչքի է ընկնում թերեւս միայն իր անկապությամբ:

ՀՀԿ-ի համար իշխանությունը կորցնելուց հետո դժվար է մի շարք հարցերում՝ սկսած ցուցակը պարզապես համալրելուց, վերջացրած դրա տրամաբանությամբ: ՀՀԿ-ի «քաղաքական թեւն» իհարկե վերջին շրջանում փորձում էր ֆեյսբուքյան գրառումներով, հրապարակային ելույթներով հիմնավորել իր նոր դերն ու անհրաժեշտությունը հանրության ու պետության համար, բայց այդ գրառումները գնալով ավելի անհամարժեք ու անհեթեթ են դառնում, ի վերջո հանգելով իշխանության հանդեպ մի կողմից շանտաժի, մյուս կողմից՝ խնդրանքի՝ վերցնել իրենց խորհրդարան:

Կա մի ուշագրավ հանգամանք եւս: ՀՀԿ քաղաքական թեւը վերջին օրերին «փաստարկներ» է բերում, թե ինչու պետք է մարդիկ քվեարկեն իրենց օգտին: Այս ցուցակը սակայն կարծես կազմված լինի այն սկզբունքով, թե ինչու մարդիկ չպետք է քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:

Հետաքրքիր է, տեսնես ով է կազմել այն:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am