Ազգային ժողովի պատգամավորները ուզում են ժամ առաջ ավարտել իրենց աշխատանքը: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, նրանք նիստը վարող խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին առաջարկում էին, որ քննարկված եւ այսօր քննարկվելիք բոլոր նախագծերը քվեարկեն այսօր օրվա ավարտին, որպեսզի վաղն առավոտյան դրա համար էլ չգան:

Արա Բաբլոյանը զարմացած ասաց. «Էսօր ո՞նց եք քվեարկելու, մի կե՞րպ, եթե քվորում կապահովեք, հարց չկա: Բայց դուք չեք կարող քվորում ապահովել»:


Ընդ որում, այսօր առավոտյան էլ երկար ժամանակ քվորում չկար, քանի որ ընդամենը 52 պատգամավոր էր գրանցվել:

Իսկ երբ քվորում ապահովվեց, Արա Բաբլոյանը նկատեց, որ պատգամավորների մի մասը դահլիճում չէ եւ եթե քվեարկության դնի օրինագծերը դրանք կտապալվեն: Տեղից պատգամավորներից մի քանիսը առաջարկեցին առաջնորդվել կանոնակարգին, ինչին Բաբլոյանն արձագանքեց, որ եթե հիմա դնի քվեարկության օրինագծերը, դրանք կտապալվեն: Նա թվարկեց այն նախագծերը, որոնք քննարկվել են նախօրին եւ ասաց. «Եթե ուզում եք, որ այդ նախագծերը տապալեք, ես չգիտեմ… պարտաճանաչությունը պետք է լինի»: