Պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ ու չի լուծելու այն կարևոր եւ օբյեկտիվ խնդիրը, ինչը դրել եք ձեր առջև: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ, դիմելով նախագծի հեղինակ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախագիծը, որ ներկայացված է Ձեր կողմից, ուղղակիորեն չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է նախագծի ընդունումից հետո: Դա բերելու է բացարձակ «բեսպրեդելի» այն ոլորտում, որը դուք արդարացիորեն փորձում եք կարգավորել», - ասաց Զոհրաբյանը՝ կոչ անելով Սամվել Ֆարմանյանին հանել քվեարկությունից նախօրեին ներկայացրած նախագիծը:


«Ի դեպ, ձեր իշխանությունն այս երկարուձիգ տարիների ընթացքում ուներ բոլոր անհրաժեշտ գործիքները ոկլորտը կարգավորելու: Հիմա ես ունեմ օբյեկտիվ մտահոգություն, մտածելու, թե ինչու եք հիմա բերել այս նախագիծը, որը ոչ թե լուծում է խնդիրը, այլ առաջացնում է նորանոր ռիսկեր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն ավելի լավ լուծումներ է ներկայացրել ոլորտի կարգավորման համար. նա առաջարկեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և այդտեղ քննարկել հարցը:

«Ծառուկյանի» ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը:

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ. Ֆարմանյան