2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ընտրություններին ՀՀԿ-ն հավաքեց ավելի քան 770 հազար ձայն: 1 տարի 8 ամիս անց կուսակցությունը խնդիր ունի հաղթահարել անցողիկ շեմը: ՀՀԿ-ում հայտարարել են ներկուսակցական վերափոխումների մասին, սակայն դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին նախընտրական ցուցակի առաջին տասնյակը արմատական փոփոխությունների չի ենթարկվել:

Ինչպես 2017 թվականին, այն այս տարի ևս Վիգեն Սարգսյանն է գլխավորելու: Հետհեղափոխական շրջանում ՀՀԿ ծանր հրետանու դերը ստանձնած եռյակը՝ Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովն առաջ են եկել մեկական տեղով: ՀՀԿ-ն երրորդ տեղը տվել է Դավիթ Շահնազարյանին:

ՀՀ բոլոր գումարումների ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը չկա կուսակցության ցուցակում, փոխարենը նրա տեղը առաջին հորիզոնականներում փոխանցվել է որդուն՝ Արման Սահակյանին:

ՀՀԿ ցուցակում չկա հետհեղափոխական շրջանի քառյակը՝ Սամվել Ֆարմանյան, Կարեն Բեքարյան, Արման Սաղաթելյան, Միհրան Հակոբյանը: Այս քառյակը մի քանի անգամ հանդես է եկել համատեղ հայտարարություններով և հոդվածներով: