ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը հետաքրքիր հայտարարություն է արել Մարտի 1-ի մասին, ասելով, թե դրա վերաբերյալ խոսում է առաջին անգամ: Ըստ էության աննախադեպն այն է, որ Դավիթ Շահնազարյանը եւ Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքում իր հետ շրջող մարդիկ ոչնչացրել են մոտ 200 շիշ կոնյակ:

Բանն այն է, որ դրանից առաջ նրա ասածը կարծես թե հայտնի էր, որ Շահնազարյանը մինչ այդ ոստիկանության հետ բանակցել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ ինքնաբուխ հավաքի մասնակիցներին այլ տեղ ուղեկցելու շուրջ, բայց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչները եկել են եւ կասեցրել դա: Այդ մասով Դավիթ Շահնազարյանը կարծես թե չի ասում որեւէ նորություն, եւ նորությունը փաստացի այն էր, որ նա իրեն ուղեկցողների հետ ոչնչացրել է մոտ 200 շիշ կոնյակ:

Հետաքրքիր է, այդ հայտարարությունը կգրավի՞ իրավապահների ուշադրությունը, որոնք այժմ քննում են Մարտի 1-ի գործը: Բանն այն է, որ Դավիթ Շահնազարյանը փաստորեն ակնարկում է, որ ինչ որ մեկը դրել է Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված անձանց ալկոհոլի ազդեցության տակ գցելու խնդիր, որովհետեւ 200 շիշ կոնյակը կարող է ունենալ միայն այդպիսի նպատակ: Հազիվ թե նպատակը ցրտին դիմանալը լիներ, որովհետեւ իրավիճակը այնպիսին էր, որ հավաքվածներին երեւի թե ցուրտը հետաքրքրում էր ամենավերջինը: Առավել եւս, որ ցրտի դեպքում ավելի նախընտրելի կլիներ տաքանալ օղով, որը գոնե ավելի էժան է:

Մյուս հարցն այն է, թե որտեղի՞ց կարող էր այնտեղ հայտնվել 200 շիշ կոնյակը: Կամ ավելին, եթե այդպիսի բան իսկապես եղել է: Ո՞վ է մատակարարել այդ ծավալի կոնյակ: Ի՞նչ, կամ ու՞մ պատկանող գործարանի կոնյակ է եղել 200 շիշը, հատկապես նկատի ունենալով այն, թե ովքեր են Հայաստանում զբաղվել կոնյակի արտադրությամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ:

Ընդհանրապես, Մարտի 1-ի առնչությամբ Դավիթ Շահնազարյանի ներկայացրած նոր մանրամասները թեեւ սենսացիոն չեն՝ գուցե առայժմ, բայց հետաքրքիր են իբրեւ Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի բաղադրիչ, կամա, թե ակամա հաշվի առնելով այն, որ Շահնազարյանն այդ պայքարի մասնակից է, այն էլ ՀՀԿ ցուցակով:

Իսկ այստեղ կա մեկ այլ հետաքրքիր հանգամանք, եթե նկատի առնենք այն, որ Իմ Քայլը դաշինքի ցուցակով էլ ընտրությանը մասնակցում է Անդրանիկ Քոչարյանը` Մարտի 1-ի գործի հայտնի Փաստահավաք խմբի անդամ, որն էլ իր հերթին է տիրապետում գործի մասին բավականաչափ մանրամասների:

Զարմանալի չի լինի ամենեւին, եթե ՀՀԿ-ն փորձի Մարտի 1-ի վերաբերյալ «մանրամասներ» օգտագործել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, ցույց տալու համար, որ Փաշինյանն է նաեւ սրացման ու բախման տանողներից մեկը: Այս թեզը ներառված է նաեւ ՀՀԿ օրերս ընդունած բանաձեւում: Դավիթ Շահնազարյանի հայտարարության տողատակում նշմարվում է ակնարկը, որ Տեր-Պետրոսյանի թիմը իրեն թույլ չի տվել պայմանավորվել խաղաղ հանգուցալուծման համար, դեռեւս Մարտի 1-ի առավոտյան, որից հետո իրադարձությունները զարգացել են բախման սցենարով:

Փաշինյանի դեմ այդ խաղաքարտը, ի դեպ, ամիսներ առաջ փորձեց օգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Հետաքրքիր է նաեւ, որ Մարտի 1-ից հետո Դավիթ Շահնազարյանն էր առաջ մղում Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի համար Հաագայի դատարանի առաջ կանգնեցնելու նախաձեռնությունը: Այդ իմաստով հետաքրքիր է, թե ինչպես է Դավիթ Շահնազարյանն այժմ վերաբերում այդ նախաձեռնությանը, ինքն այդ ժամանակ ճի՞շտ էր, թե՞ սխալ:

Է՞լ ինչ մանրամասներ գիտե, որ նախընտրական շջանում կարող է ասել Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ ցուցակից: Եվ արդյոք Իմ քայլը դաշինքի ցուցակում էլ Անդրանիկ Քոչարյանի ներգրավվածության նպատակներից կամ մոտիվներից մեկն էլ հենց ՀՀԿ այդօրինակ հավանական քայլերին հակադարձելու կարողունակությունը չէ:

Կլինի՞ «թեմատիկ» բախում այդ իմաստով:

Մյուս կողմից, հանրությունը թերեւս կարող է շահել դրանից: Իհարկե ոչ տեսարանի իմաստով, թեեւ շատերին կարող է հետաքրքրել տեսարանը, շոուն: Բայց Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկը պետք է բացահայտվի, որպեսզի ի վերջո նաեւ վերջ տրվի այդ թեմայով տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաներին, որոնք կարող են հանրությանը մատուցվող կարծիքներ փոխել ըստ քաղաքական իրավիճակի:

 Նյութի աղբյուրը՝ lragir.am