Դա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր, հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այն բանից հետո, երբ խորհրդարանում տապալվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը պետական մակարդակով ապահովելու մասին օրենքի քվեարկությունը: Օրենքի նախագծի հեղինակը ՀՀԿ պատգամավորներն էին:

Ըստ տեղեկության, օրենքին կողմ է քվեարկել 28 պատգամավոր: Այդ ֆոնին ՀՀԿ խոսնակի եւ ԱԺ փոխնախագահի գնահատականը փաստացի վերաբերում է նաեւ սեփական կուսակցությանը, որովհետեւ ՀՀԿ-ն ներկայում խորհրդարանում ունի կարծես թե մոտ 50 պատգամավոր, բայց օրենքի նախագիծը ստանում է 28 կողմ: Իսկ ու՞ր են ՀՀԿ մնացած պատգամավորները, հաշվի առնելով եւ այն, որ օրենքի նախագծին կողմ քվեարկել են նաեւ ՀՅԴ-ականներ:

Դա սակայն իհարկե ՀՀԿ ներքին գործն է:

Իսկ խորհրդարանում, եւ թերեւս ներքաղաքական կյանքում այդ առումով ներկայում տեղի է ունենում իսկապես խայտառակ մի բան՝ Հայ Առաքելական եկեղեցին եւ մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրկին ներքաշվում է ներքաղաքական շրջանառության մեջ, որի շնորհիվ փորձ է արվում ապահովել քաղաքական կապիտալ: Ընդ որում, դրա աշխույժ ջատագովն են ուժեր, որոնք չունեն քաղաքական լուրջ խաղաքարտեր՝ ՀՀԿ եւ ՀՅԴ:

Տեւական ժամանակ այդ ուժերը հայտարարում են, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ առկա է գրոհ, վտանգված են ազգային արժեքները եւ այլն: Սրա հիմնական փաստարկը հայտնի նախաձեռնությունն է, որի անդամները որոշ ժամանակ հետապնդում էին Գարեգին Երկրորդին, պահանջելով, որ նա հրաժարվի կաթողիկոսական գահից:

Այստեղ կա բավական հակասական եւ տարօրինակ մի հանգամանք: Կաթողիկոսի հանդեպ այդ հետապնդումը որքան վտանգել կամ վնասել է նրան տեղաշարժի, անվտանգության առումով,- թեեւ կարծես թե այդ խնդիրը լուծվել է առանց ավելորդ աղմուկի ու պաթոսի,- այդքան էլ, եւ գուցե ավելի նպաստել է նրան, որ Գարեգին Երկրորդը հանրության մոտ ձեռք է բերել որոշակի աջակցություն: Նրա դեմ պայքարի ձեւը ակնհայտորեն մերժվել է հանրային լայն շերտերում, այլապես այդ ջանքը կստանար ավելի մեծ թափ: Արդյունքում, այդ պայքարը իրականում բարձրացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի լեգիտիմությունը:

Իսկ այդ լեգիտիմությունը երերացել էր նախորդ իշխող համակարգի պատճառով, որը եկեղեցին ներքաշել էր այն մեխանիզմների շարք, որոնք կիրառվում էին հանրային շերտերում իշխող համակարգի խորքային ներդրման եւ այդպիսով աներերությունն ապահովելու համար:

Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ ՀԱԵ ղեկավարությունը ոչ միայն դեմ չի գնացել այդ ջանքին, այլ նաեւ պայմանավորվել է, դրա դիմաց ստանալով նաեւ որոշակի տնտեսական, նյութական քվոտաներ: Համենայն դեպս, ՀԱԵ ղեկավարության մի շարք ներկայացուցիչների կյանքն ու բարքերը սկզբունքորեն չեն տարբերվել բարձրաստիճան պաշտոյաների եւ օլիգարխների կյանքից ու բարքերից:

Եղել են մամուլի այդպիսի բազմաթիվ հրապարակումներ, որոնք դարձել են աղմուկի պատճառ: Այդ գործարքը եւ պայմանավորվածությունները «անթեղվել» են ազգային արժեքների, եկեղեցու, ազգային ինքնության, պետականության եւ այլնի մասին ճառերով եւ կենացներով:

Հետեւանքը եղել է այն, որ հանրության համար ոչ լեգիտիմ իշխանությունն այդպիսով ոչ լեգիտիմության դաշտ է ներքաշել ՀԱԵ-ն, կտրելով հանրությունից ու հանրային խնդիրներից: Իսկ ՀԱԵ-ն մի առանցքային ու առանձնահատուկ ազգային ինստիտուտ է, այդ իմաստով նաեւ բացառիկ, որը չունի լոկ կրոնական իմաստ եւ առաքելություն: Բացառիկ այդ ինստիտուտը հանրային եւ պետական շահի մեջ իր դե ֆակտո տեղն ու դերը ամրագրելով, կարող է ունենալ ընդհուպ միջազգային ահռելի նշանակություն, հաշվի առնելով հայկական պատմա-քաղաքակրթական ներկայացվածության համաշխարհային ներկայացվածությունն ու իրավունքները:

Եվ այդ իմաստով, ՀԱԵ-ն ներկայում իջեցվում է ներքաղաքական մանրախնդիր հարաբերությունների մակարդակի, բերվելով մանիպուլյատիվ քարոզչության դաշտ՝ ընտրական մի քանի տոկոսի համար:

Այդ առումով, թերեւս կա անհրաժեշտություն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորով դիմի բոլոր քաղաքական ուժերին, նրանց կոչ անելով եկեղեցին զերծ պահել ներքաղաքական շրջանառությունից, եթե անգամ դա արվում է ամենաանկեղծ ցանկությամբ ու մտահոգությամբ, որովհետեւ դրանից ՀԱԵ օգուտը գործնականում զրո է, փոխարենը տեսանելի են հնարավոր վնասները, որովհետեւ ոչ լեգիտիմ իշխանության դաշտից թավշյա հեղափոխության շնորհիվ դուրս գալու հնարավորություն ստացած ՀԱԵ-ն այժմ էլ կարող է հայտնվել ոչ լետգիտիմ ընդդիմության թակարդում: