Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի բնակիչների մի մասը գերադասում է Ամանորը դիմավորել արտերկրում: Մարդիկ դեռևս սեպտեմբեր ամսից են սկսել ամրագրել Ամանորի փաթեթները: Հայաստանի քաղաքացիներն այս տարի ամենաշատը գերադասում են Ամանորը անցկացնել Վրաստանում, Եգիպտոսում, Էմիրություններում, եվրոպական երկրներում, սա են փաստում տուրիստական գործակալություններում մեր անցկացրած հարցումները:

Մեզ հետ զրույցում գործակալությունների ղեկավարները նաև հետաքրքիր միտում ներկայացրեցին՝ մարդկանց հոսքը չի նվազել, բայց այս տարի եկամուտները նվազել են, ամանորյա տուրփաթեթներն ամրագրելիս զգուշավորություն են ցուցաբերում, էժան տարբերակներ են փնտրում:

«Հոկտեբեր ամսից մենք նկատում ենք, որ մարդիկ փաթեթներն ամրագրելիս զգուշավորություն են ցուցաբերում, գումարի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեն, էժան տարբերակներ են փնտրում: Ասում են՝ կարող ենք ամրագրել, բայց կարո՞ղ ենք քիչ վճարել, ապառիկով ձևակերպել: Նախորդ տարիներին այդ միտումները չէին նկատվում: Այսինքն՝ հստակ երևում է, որ այս տարի մեր հայրենակիցների մոտ կամ գումարի պակաս կա, կամ էլ, քանի որ փաթեթները մի փոքր թանկացել են, դա է պատճառը»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Շելբի» ընկերության տնօրեն Մարինե Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ապառիկ ձևակերպումների թիվն այս տարի էապես աճել է, այսինքն՝ մեծ թվով մարդիկ Ամանորը ապառիկ են դիմավորելու այս կամ այն երկրում: Նաև այս տարի տենդենց է նկատվում, որ մի փոքր ավելի էժան գին ստանալու համար մարդիկ տուրփաթեթները գերադասում են հունվարի 2-ից սկսած վերցնել: Այդ դեպքում Ամանորի գիշերվա գալա ընթրիքի գումարները դուրս են գալիս:

Մարինե Ավետիսյանի խոսքով՝ Թբիլիսիի ուղղությամբ այս տարի պահանջարկն էլ ավելի է մեծացել: Բայց, ի տարբերությույուն նախորդ տարիների, այս տարի մարդիկ միջին կամ ավելի ցածր կարգի հյուրանոցներ են ամրագրում Թբիլիսիում, ավելի էժան տարբերակներ են դիտարկում:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում գործող գներին, ապա Ծաղկաձորում, Ջերմուկում, Աղվերանում լավագույն հյուրանոցներում գներն էապես բարձր են: Երկու անձի համար Ամանորի փաթեթների գները տատանվում են 600 հազարից 1 մլն դրամի սահմաններում՝ 4-5 օրվա համար: Այդ պատճառով, ըստ Մարինե Ավետիսյանի, Հայաստանի ներսում այս տարի մարդիկ ավելի էժան հյուրանոցներ են փնտրում, ավելի շատ հետաքրրքված են, օրինակ, Լոռու մարզի, Գյումրիի, Գորիսի փոքր հանգստյան տներով կամ հյուրատներով:

Ծաղկաձորի, Ջերմուկի, Աղվերանի ուղղությամբ վաճառվող փաթեթների գները էապես բարձր են Վրաստանի ուղղությամբ փաթեթների գներից: Օրինակ, Մարինե Ավետիսյանի խոսքով, իրենք այս տարի առաջարկ ունեն դեպի Բաթումի, այնտեղ հինգ աստղանի Հիլթոն հյուրանոցում տոնական օրերը կարելի է անցկացնել՝ երկու անձի համար վճարելով մոտ 650 դոլար: Հենց գնային քաղաքականությունն է պատճառ հանդիսանում, որ Հայաստանի բնակիչները ձգտում են Ամանորը դիմավորել Վրաստանում:

«Ռիմա թրավելի» տնօրեն Ռիմա Խաչատրյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ներսում Ամանորյա փաթեթի գները շատ բարձր են: Այդ պատճառով մարդիկ գերադասում են այլ երկիր մեկնել: Հայաստանից դուրս այս տարի, նախորդ տարիների համեմատ, բարձրացել ենն դեպի Եգիպտոս ավիատոմսերի գները:

«Այսինքն՝ 600-650 դոլար մեկ անձի հաշվով միայն ավիատոմսի արժեքն է: Դա ըստ երևույթին պայմանավորված է նրանով, որպեսզի վնաս չկրեն տոմսերի քիչ վաճառքի դեպքում: Բայց դեպի Եգիպտոս պահանջարկը, չնայած դրան, մեծ է: Մարդիկ ակտիվ գնում են, ես այսպես եմ մտածում՝ Հայաստանի քաղաքացիներն ամեն ինչ անում են, որպեսզի դուրս գան Հայաստանից, որպեսզի Ամանորը նշեն Հայաստանից դուրս, միայն թե ամանորյա սեղաններից ու խնդիրներից խուսափեն»,- ասաց Ռիմա Խաչատրյանը:

Նա նույնպես նշում է, որ թոփ ուղղություններրը Վրաստանն ու Եգիպտոսն են, հաջորդում են եվրոպական տարբեր երկրները: «Թեպետ ասեմ, որ այս տարի միտում կա, որ Երևանից գնում են Իրան, այնտեղից Թայլանդ ու Մալազիա, քանի որ Թեհրանից ավելի էժան են այդ ուղղություններով ավիատոմսերը»,- ասաց նա:

Ռիմա Խաչատրյանը նույնպես ասում է, որ մարդիկ այս տարի ավելի մատչելի տարբերակներ են փնտրում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am