Հայկական քաղաքական դաշտը այս պահին պետք է սատարի Փաշինյանին։ Բելառուսի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է Փաշինյանի հայտարարությանը։ Հայտարարության մեջ ասվում է ՝ «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»։

Նման հայտարարությամբ փաստացի Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դուրս է գալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի դեմ ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սկսած տարաձայնությունները գնում է ավելի շատ անձնական դաշտ։ Հիմա կոնկրետ խնդիր կա, թե որ պետության ղեկավարի ասածը կանցնի։

Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործունեություն ծավալող քաղաքական կառույցները՝ անկախ քաղաքական հայացքներից, պետք է հայտարարությամբ սատարեն Փաշինյանին, քանի որ ներքին խնդիրները չպետք է ազդեն արտաքին քաղաքականության վրա ու ոչ մի Բելառուսիա, ոչ մի Ղազախստան ու էլ չգիտեմ ով իրավունք չունի Հայաստանի ղեկավարի հետ նման տոնով խոսելու՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին ղեկավարում երկիրը։

Ժամանակին, երբ միջազգային որևէ խնդիր էր առաջանում, կամ սահմանին իրավիճակ էր լարվում նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ պետք է համախմբվել նախագահի շուրջ։ Ասեմ , որ միշտ դրան կողմ եմ եղել։ Ու հիմա էլ նման իրավիճակ է ու պետք է համախմվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի շուրջ։ Ճիշտ կլինի, որ առաջինը հենց ՀՀԿ-ն որևէ հայտարարություն տարածի ու որպես ընդդիմադիր ուժ այդ հարցում սատարի վարչապետին։

Հիմա առավել ևս պարզ է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիման ընթացքում Լուկաշենկոյի և Նազարբաևի զոռբայությունը չի անցնելու։ Ու դա չանցկացնելու համար հայկական կողմը ամեն գնով պետք է համախմբվի։