Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավում հստակ նկատելի է երկու ուղղություն. Թերեւս բացի նորաստեղծ Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցությունից, որը փորձում է գաղափարական ու քաղաքական երանգներ հաղորդել ընտրությանը, այդ թվում կուսակցական նոր մշակույթի կտրվածքով, մյուսները ծավալվում են այդ երկու ուղղության մեջ:

Առաջին ուղղությունն «իսկական եւ միակ ընդդիմության» վիճարկումն է, մյուսը՝ նոր խորհրդարանում երկրորդ ուժը լինելու հավակնությունը: Կան ուժեր, որոնք «համատեղել» են այս երկու ուղղությունները: Եվ ոչ ոք չի վիճարկում իշխող ուժի հաղթանակը, չի հայտարարում, որ պայքարելու է հաղթանակի համար:

Իհարկե, կան օբյեկտիվ հանգամանքներ, մասնավորապես հետհեղափոխական իրականությունը, երբ ընտրություն ըստ էության չի լինելու, եւ հանրությունը քվեարկելու է հեղափոխությունն ավարտին հասցնելու եւ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար:

Մյուս կողմից, իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ եւ կարող էր այդպիսին չլինել, եթե գործ ունենայինք քաղաքական իրողությունների հետ: Բայց վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական կուսակցությունները ոչ միայն պատրաստ չեն նոր իրողություններին, այլեւ ունակ չեն վերակազմակերպվելու: Եվ ներկայիս ընտրարշավում նրանց «դատապարտվածությունը» դրա վկայությունն է:

Իներցիան շարունակվում է, թեեւ իրողություններ են փոխվել: Ներկայում ոչ ոք նախօրոք մանդատների երաշխիքներ ու քվոտաներ չի բաշխում, չկան կուլիսային պայմանավորվածություններ: Կուսակցությունները սովոր էին դրան, եւ նրանց «քաղաքականությունը» կառուցվում էր իշխող համակարգին իրենց անհրաժեշտությունն ու ծառայությունները հիմնավորելու վրա:

Ներկայում կուսակցությունները շարունակում են այս ավանդույթը, միայն թե անհասկանալի է, թե ում առջեւ՝ իշխանության, թե հանրության: Ընդ որում, բերվում են մեկը մյուսից զավեշտալի, հաճախ անհեթեթ հիմնավորումներ ու թեզեր, ինչը նշանակում է, որ նրանք շարունակում են հայցել ներկայիս իշխող ուժի բարեհաճությունը: Այլապես նախընտրական արշավը չէին ծավալի վերը նշված երկու ուղղություններով:

Նոր կառավարությունը մեղավո՞ր է այս իրավիճակի համար, կամ ժամանակը բավարա՞ր էր քաղաքական դաշտն առողջացնելու համար: Կարծիքները տարբեր են, նշվում է, որ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների եւ Սեփականության մասին օրենքների ընդունումով հնարավոր կլիներ լուծել այս խնդիրները: Մինչ այդ, իրավիճակն այն է, ինչ կա, նոր խորհրդարանում դրա անխուսափելի արտացոլմամբ, այդ թվում՝ ժամկետանց ուժերի հավանական ներկայության տեսքով:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am