Այսօր կմեկնարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Բելառուս: Մինչ այդ բոլորս եղանք ադրբեջանա-բելառուսական սիրո բուռն խոստովանության ականատես, երբ Լուկաշենկոն ու Ալիեւը իրենց մոտ հրավիրեցին դեսպաններին եւ նրանց հայտնեցին փոխադարձ ջերմ զգացումների մասին: Այդ ընթացքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին հայտնեց նաեւ ՀԱՊԿ Աստանայում տեղի ունեցած Վեհաժողովի մանրամասներ, մասնավորապես Գլխավոր քարտուղարի հայտնի հարցի առնչությամբ:

Եթե Լուկաշենկոն այդ մանրամասները հայտնել է հրապարակավ, պետք է պատկերացնել, թե նա Ադրբեջանին ինչեր է հայտնում ոչ հրապարակավ: Իհարկե, այդ իմաստով կասկած չկա, որ Լուկաշենկոն միայնակ չէ եւ Ադրբեջանը ՀԱՊԿ փակ նիստերի, ընդհանրապես ՀԱՊԿ ներքին խոհանոցի մասին տեղեկություններ կանոնավոր կերպով ստանում է թերեւս Ղազախստանից էլ, եւ անգամ Ռուսաստանից:

Մյուս կողմից, ժամանակակից աշխարհում պետություններն անշուշտ ունեն փակ տեղեկատվական միջավայրերից որոշակի տեղեկատվություն կորզելու մեխանիզմներ, իրենց անվտանգության շահից ելնելով: Այլ հարց է, որ ռազմա-քաղաքական բլոկի անդամ պետությունների ղեկավարները կարող են հրապարակային արհամարհական վերաբերմունք արտահայտել մյուս անդամի հանդեպ՝ ոչ անդամի նկատմամբ սիրո խոստովանության ակտի ժամանակ:

Օրինակ, այդպիսի առաջին դրվագը 2014-ի մայիսին էր, Աստանայում, ԵՏՄ Վեհաժողովում, որը բնույթով տարբեր, սակայն ընդհանուր շրջանակով ՀԱՊԿ շարունակություն կառույց է: Նազարբաեւն այդ Վեհաժողովում հրապարակավ նվաստացրեց Հայաստանին ու Սերժ Սարգսյանին, ընթերցելով Ալիեւի նամակը, թե Հայաստանի անդամագրման հարցում կան վերապահումներ:

Սերժ Սարգսյանը լռեց, հետո Հայաստանում մի առիթով հայտարարեց, թե տհաճ էր: Բայց ոչ մի խոսք այն մասին, որ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության հանդեպ արհամարհական վերաբերմունք եւ դաշնակից համարվող պետությունը ստորադասվել էր: Հետո Սերժ Սարգսյանը գուցե ցուցադրաբար ննջեց Բելառուսում տեղի ունեցած Վեհաժողովներից մեկի ընթացքում:

Նա թերեւս իր բողոքն արտահայտում էր այդ կերպ, չունենալով որեւէ այլ կերպ դրսեւորվելու հնարավորություն: Դրա համար պետք էր ներքին մեծ լեգիտիմություն, ինչը չկար:

Նիկոլ Փաշինյանը չլռեց, եւ դժգոհությունն արտահայտեց այնպես, ինչպես վայել է պետականությանը՝ այսինքն ոչ թե լռելով եւ հետո հայտարարելով, թե տհաճ էր, կամ հետո ցուցադրաբար ննջելով, այլ արտահայտվելով, ու հարցը դնելով ոչ թե «ռազբորկայի», այլ ռազմա-քաղաքական տրամաբանության շրջանակում, ցույց տալով, որ խնդիրը ամենեւին Հայաստանը չէ, այլ ՀԱՊԿ-ն ընդհանրապես:

Այդ իմաստով, Ալիեւի ներկայիս այցը Բելառուս փաստացի հակաՀԱՊԿ այց է: Հայաստանը գործել է ոչ իբրեւ «դատախազ», ինչի մասին խոսել էր Բելառուսի ԱԳՆ խոսնակը, պատասխանելով Փաշինյանի հայտնի հայտարարությանը: Հայաստանը գործել է որպես քննիչ, որը բացահայտել է ՀԱՊԿ դեմ աշխատող գործակալական ցանցը: Ավելի շուտ, Հայաստանը ստիպել է այդ գործակալներին բացվել, այլեւս անհնար դարձնելով նրանց ապահով խաղը, երբ բոլորը գիտեին, դրա մասին, բայց չկային իրեղեն ապացույցներ:

Աստանայում եւ նաեւ դրան ընդառաջ հարցը դնելով հենց պետական եւ ռազմա-քաղաքական բլոկային տրամաբանության շեշտադրումով, Նիկոլ Փաշինյանը ստիպեց Լուկաշենկոյին բացվել եւ փաստորեն բացահայտեց Ալիեւի Բելառուս սպասվող այցի հակաՀԱՊԿ բնույթը, իրական քաղաքականության ռեժիմում շրջելով այդ այցը հենց Բելառուսի եւ Ադրբեջանի դեմ:

Ալիեւի այցը գործնականում Հայաստանի համար դառնալու է ծանրակշիռ խաղաքարտ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում սպասվող ՀԱՊԿ Վեհաժողովի քննարկումներում: Խոսքը ամենեւին գլխավոր քարտուղարի մասին չէ: Այդ հարցը Հայաստանին գործնականում չի էլ հուզում: Բելառուսն ու Ղազախստանն իրականում դեռ կափսոսան, որ կասկածի տակ դրեցին Հայաստանի քվոտան եւ այդպիսով բացահայտվեցին: Մինչդեռ կարելի էր լռել, ընդունել Հայաստանի նոր թեկնածությունն ու շարունակել հին ձեւով՝ թույլ չտալով Երեւանին սեղանին դնել փաստարկներ, որոնց կարիքը վերջին տարիներին գրեթե կենսական էր դարձել նաեւ Մոսկվայի համար:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am