ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե չի եղել մի դեպք, երբ նախորդ իշխանությունը պարտվողական դիրքորոշում արձանագրած լինի ՀԱՊԿ հետ բանակցությունում:

Բաղդասարյանը նաեւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է, որի հետ Հայաստանը երկար ճանապարհ ունի գնալու, եւ որքան շուտ կարգավորվի լարվածությունը, այդքան լավ:

Վահրամ Բաղդասարյանի բնորոշումը նախորդ իշխանության չափազանց դիպուկ գնահատական է, կամ ավելի շուտ՝ ակամա խոստովանություն, թե ինչ մակարդակի են եղել պատկերացումները ռազմա-քաղաքական հարցերի վերաբերյալ: Ահա այն փորձառությունը, որի մասին խոսում է ՀՀԿ-ն, իբրեւ դրա կրող: ՀՀԿ-ն իսկապես ունի կարեւորագույն հարցերը ընտանիքի, օջախի մակարդակի հասցնելու եւ դիտարկելու ահռելի փորձ: Դրա հետեւանքով է, որ նահանջել է պետությունը, պետականության գաղափարը՝ թե ներքին, թե արտաքին հարաբերություններում:

Մյուս կողմից, Վահրամ Բաղդասարյանը գուցե կրկնում է այն, ինչ ՀՀԿ-ին տարիներ շարունակ փոխանցել է Սերժ Սարգսյանը, ավելորդ հարցերը փակելու կամ այդպիսի հարցերը «օրորոցում խեղդելու» համար:

Որովհետեւ, երբ օրինակ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ ղեկավարներին իհարկե ընդհանրական, բայց իր ժամանակի եւ դիրքի համեմատությամբ բավական համարձակ մեղադրանք էր ներկայացնում, թե հեռախոսը չեն վերցնում ու չեն զանգում Երեւան անվտանգության իրավիճակով հետաքրքրվելու համար՝ իսկ դրանից հետո Լուկաշենկոն ապրիլի քառօրյայի օրերին հեռախոսը վերցնում ու ոչ թե Երեւան, այլ Բաքու էր զանգում աջակցության համար, ՀՀԿ մոտ իսկապես կարող էին առաջանալ հարցեր:

Սերժ Սարգսյանն էլ ի՞նչ պատասխաներ այդ հարցերին: Մնում էր ասել, որ ՀԱՊԿ-ը ընտանիք է, այդպես էլ կպատահի, ո՞ր ընտանիքում վեճ չի լինում: Կամ, երբ ՀԱՊԿ կամ ԵՏՄ Վեհաժողովին Սերժ Սարգսյանը ննջում է եւ նրան նկարում ու տարածում է Բելառուսի հանրային հեռուստաընկերությունը, ՀՀԿ մոտ կարող են առաջանալ հարցեր, եւ Սերժ Սարգսյանն ի՞նչ պատասխաներ՝ մնում էր ասել, որ ընտանիք է, ո՞ր մի ընտանիքում չի լինում, որ երեկոյան հեռուստացույցի շուրջ նստած անդամներից ինչ որ մեկի քունը չի տանում, դա ի՞նչ խնդիր է:

Եթե լուրջ, ապա հենց այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի բաց տեքստով մեղադրանքից հետո էլ Լուկաշենկոն Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ոչ թե Հայաստան, այլ Բաքու է զանգահարում եւ աջակցություն հայտնում, դե ֆակտո պարտության ակնառու օրինակ է: Իրավիճակը չփրկեց անգամ այն, որ Երեւանը ԱԳՆ հրավիրեց Բելառուսի դեսպանին, որովհետեւ դրանից հետո Մինսկը շարունակել է հետխորհրդային ինտեգրացիոն միավորումների շրջանակում Բաքվի համար մատուցվող լոբբիստական ծառայությունը: Նույնն արել է նաեւ Ղազախստանը, իսկ Ռուսաստանն էլ որոշակիորեն դադարեցրել կամ նվազեցրել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ապրիլյան քառօրյայի օրերին հայկական բանակի եւ հանրության անսպասելի դիմադրության հետեւանքով՝ տեսնելով, թե ինչպիսի լրջագույն խնդիրներ կարող են առաջանալ իր համար Հայաստանում եւ հետեւաբար նաեւ Կովկասում:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն էլ իր վարքագծով իր «վրեժն» է լուծել Ռուսաստանից, լավ պատկերացնելով նաեւ, որ Մինսկն ու Աստանան գործնականում միայն Հայաստանի հետ չէ, որ խնդիր ունեն: Հայաստանի միջոցով նրանք հարվածում են նաեւ Մոսկվային, փորձելով օգտագործել միջազգային մեկուսացման հետեւանքով դրա թուլությունը: Ավելին, իրենց խնդիրներն այդպես լուծելուց բացի, նրանք կարող էին նաեւ իրենց կարգավիճակն օգտագործել Մոսկվայի հետ Մերձավոր Արեւելքում շահերի բախում ունեցող մի շարք ռեգիոնալ ամենատարբեր կենտրոնների ծառայություն մատուցելուն՝ Անկարայից ընդհուպ Թել-Ավիվ ու Թեհրան:

Սերժ Սարգսյանն այդպիսով լռում էր, «ընտանիքի մեծին» թողնելով տակից դուրս գալո» խնդիրը: «Մեծն» էլ իր հերթին հարցը լուծում էր լուռ ու հնազանդ «փոքրի» հաշվին, բայց արդեն պետության, ոչ թե Սերժ Սարգսյանի հաշվին:

Ու նաեւ հենց իր, քանի որ հարաբերությունների այդօրինակ մեխանիկան՝ հարակից աշխարհքաղաքական իրողությունների ներգործությամբ հանդերձ, 4-5 տարիների ընթացքում հանգեցրեց իրավիճակի, երբ Հայաստանի հաշվին հարցեր լուծելու մեխանիկան ձեւավորեց իրավիճակ, երբ Հայաստանն այլեւս որպես այդպիսի հնարավորություն սպառվել էր՝ իսկ հարցերը ոչ միայն մնացել են, այլեւ ավելանում են եւ կուտակվում, իսկ այլ լուծումներ չկան, եւ չեն կարող լինել օբյեկտիվորեն:

ՀԱՊԿ-ը Ռուսաստանի համար «ծուղակ» է առանց ինքնիշխան Հայաստանի եւ հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ում խնդիրներն ու իր շահի եւ արժանապատվության հարցն ուղիղ եւ բաց դնելով, գործնականում ելք է առաջարկում նաեւ Ռուսաստանի համար:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am