ԲՀԿ նախընտրական ցուցակում չկան Ծառուկյանի երկու մեծահարուստ փեսաները՝ Հովիկ Աբրահամյանի ու Անդրանիկ Մանուկյանի որդիները: Նրանց հետեւեց մեկ այլ մեծահարուստի՝ Աբրահամ Մանուկյանի որդին, ով ինքնաբացարկ հայտնեց:

Ցուցակում չկան մեծահարուստ Վահան Կարապետյանը եւ օդիոզագույն կերպարներից մեկը՝ Նապոլեոն Ազիզյանը:

Ընդհանրապես, ներկայիս խմբակցության 8 պատգամավորներ չկան ցուցակում:

ԲՀԿ նախընտրական ցուցակը ԿԸՀ-ն հետ էր ուղարկել եւ 48 ժամ տվել թերությունները շտկելու համար: Շտկելուց հետո պարզ է դարձել, որ ցուցակում չկա Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

Ծառուկյանը չէր համարում, որ իր փեսաների ներկայությունը իր անվան խմբակցությունում խնամի-բարեկամ երեւույթի արտահայտություն է: Նրանց ցավը տանեմ, նրանք շատ ձայներ են բերում, ինչու չպետք է լինեն ցուցակում, ասում էր նա:

Բայց արտահերթ ընտրությանը փեսաներն ինքնաբացարկ հայտնեցին:

Ինչ վերաբերվում է Էդուարդ Բաբայանին, ԲՀԿ-ականներն ասում էին, որ նա ոչ թե թիկնապահ է, այլ Ծառուկյանի օգնականը: Բայց այդ «քաղաքական պաշտոնն» էլ չօգնեց Բաբայանին ցուցակում մնալու համար:

Մեծահարուստների պարագան նոր իրավիճակում հասկանալի է՝ փողն ու կեղծարարությունը դեր չեն խաղալու ընտրությանը, մյուս կողմից՝ մանդատը սեփականության երաշխիք չէ այլեւս:

Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, Նիկոլ Փաշինյանը նրան անվանել է սեփականատեր, ինչը շատ է ուրախացրել Ծառուկյանին: Նա արդեն մի քանի անգամ հղում է արել Փաշինյանի այդ բնորոշմանը:

Ըստ էության, ԲՀԿ-ն երբեք չի եղել Ծառուկյանի 100 տոկոս բաժնեմասով ընկերություն: Այս կուսակցությունը յուրահատուկ դեր է խաղացել իշխող համակարգի համար, լինելով բուֆեր հանրության ու համակարգի միջեւ, ըստ այդմ այդտեղ բաժնեմասեր են ունեցել տարբեր խմբավորումներ՝ իշխանության մեջ համապատասխան քվոտաներ ստանալու համար:

Ներկայում կարծես թե տեղի է ունենում հենց այդ գործընթացը՝ ԲՀԿ-ն զտվում է այդ բաժնեմասերից: Իսկ քանի որ այն զտվում է, արդեն երեւի թիկնազորի պետի կարիքը չկա:

ԲՀԿ-ն այսպիսով փորձ է արվում համապատասխանեցնել նոր ժամանակների թրենդին, մյուս կողմից առայժմ անհասկանալի է մնում դրա նոր դերն ու անհրաժեշտությունը, որն ըստ էության պետք է սահմանի իշխանությունը: Բանն այն է, որ այլ կերպ ԲՀԿ-ն չի կարողանալու «քաղաքականանալ», նկատի առնելով դրա ապաքաղաքական ու ապագաղափարական բնույթը:

Այն պե՞տք է նոր իշխանությանը, եւ ի՞նչ գործառույթով, հաշվի առնելով, որ բուֆերի կարիքը ներկայում չկա: Ծառուկյանն իր արդեն 100 տոկոս բաժնեմասն ո՞ւմ է հանձնելու կառավարման, նկատի առնելով, որ նա իշխանության կողմից հայտարարվել է ոչ թե գործարար, այլ սեփականատեր:

Մյուս կողմից, այդ պարագայում ո՞րն է քաղաքականության մեջ մնալու իմաստը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am