Մենք նոյեմբերի 1–ի դրությամբ կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները՝ առանց բացառության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա կետերով ներկայացրեց, թե ինչ են խոստացել ժողովրդին եւ ինչն են կատարել։


«Խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումն իշխանությունից, դա լիարժեք կատարված է։ Խոստացել էինք, որ ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատխիլ կարվի, դա մենք արեցինք։ Խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, լիարժեք կատարված է, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։ Խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, այսօր որեւէ սահմանափակումներ եւ խոչընդոտներ չկան շուկայում։ Խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք եւ կապահովվի բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առաջ, դա կատարված է։ Խոստացել էինք նաեւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա էլ արեցինք»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր թիմն առաջիկա ընտրություններին ակնկալում է վստահության քվե 5 տարվա կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, որի ընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։