Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպելու ադրբեջանական գերությունում գտնվող Տավուշի մարզիչ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի հարազատներին: Այս մասին Փաշինյանը նոյեմբերի 20-ին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Կարեն Ղազարյանի հարազատները վերջին օրերին բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով նրան վերադարձնել գերությունից եւ հայտարարելով, որ դա պետության պարտավորությունն է: Ակցիայի ժամանակ արդարացի պահանջներ են հնչում, օրինակ՝ պետությունը պետք է ապահովի սահմանամերձ գոտում ապրող մարդկանց անվտանգությունը: Հարազատները պահանջում են Կարենին փոխանակել Շուշիի բանտում պահվող ադրբեջանցի դիվերսանտների հետ, որոնք երկու հայի են սպանել:


Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ադրբեջանական կողմն առաջարկում է փոխանակել բոլորին բոլորի հետ: «Մենք պե՞տք է գնանք դրան: Իսկ մենք հարցրե՞լ ենք սպանվածների ընտանիքներին», – հարցնում է Փաշինյանը՝ պատասխանելով, որ հասկանում եւ հարգում է Ղազարյանների ընտանիքի ողբերգությունը, բայց «արդյոք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին»:

Ադրբեջանական լրատվամիջոցները Փաշինյանի երեկվա հայտարարությունը մեկնաբանել են որպես գերիների փոխանակությունից Հայաստանի հրաժարում: Գյանջայում վերսկսվել է Կարեն Ղազարյանի դատը, իսկ հայ իրավապաշտպանները խոսում են մարդասիրական ու պետական շահերի բախման մասին:

Մարդասիրական շահը պահանջում է համաձայնություն «բոլորը բոլորի հետ» սկզբունքը, բայց կա սկզբունքային քաղաքական հարց, որը դժվար է անտեսել: Խոսքն Արցախ ներխուժած ու հայերին սպանած դիվերսանտների մասին է, որոնցից մեկը, ինչպես պարզվել է, Ադրբեջանի հատուկ ծառայությունների գնդապետ է եւ Ռուսաստանի քաղաքացի:

Երկրորդ, խոսքն Արցախի իրավազորության մասին է, եւ Բաքուն չի ցանկանում ուղիղ Ստեփանակերտին դիմել արտահանձնման առաջարկով: Հայկական կողմի համար սա սկզբունքային հարց է: Բաքուն փորձել էր Սերգեյ Լավրովի, ռուսական իշխանությունների, արեւմտյան կառույցների օգնությամբ վերարդարձնել իր մարդասպաններին: Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս Արցախ կատարած այցը նույնպես այդ հարցին էր նվիրված, բայց Ստեփանակերտը պնդում է իր սկզբունքները, եւ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է դրանք. հարցը կարող է լուծվել, միայն եթե Բաքուն դիմի Ստեփանակերտին:

Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում իր դիվերսնատների «արտահանձնման» համար զոհել քաղաքական դիրքերը: Չէ՞ որ Ստեփանակերտին դիմելը կնշանակի կրտսեր Ալիեւի երկարամյա քաղաքականության ֆիասկո, որն իշխանության գալուց հետո ամբողջությամբ դադարեցրել է շփումները Ստեփանակերտի հետ:

Անցյալ տարի Ալիեւն այլ ճանապարհ էր փորձել: Անհայտ կորածների որոնման միջազգային խումբը, որն աշխատել է 2000-2007 թվականներին, 2017 թվականի սեպտեմբերին անսպասելի կրկին հավաքվեց ու այցելեց Ստեփանակերտ: Ընդ որում, նրանց հետաքրքրում էին այդ նույն դիվերսանտները:

Այսօր Միջազգային աշխատանքային խումբը հայտարարել է, որ անցյալ տարի վերսկսել է իր միջնորդական առաքելությունը, Բաքվում հանդիպել Ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի ներկայացուցիչներին եւ քննարկել կողմերի մոտ պահվող քաղաքացիներին վերադարձնելու հարցով բանակցություններ սկսելու հնարավորության մասին:

Հայտարարություոնւմ նշվում է, որ այդ նախաձեռնության շրջանակում Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչները եղել են Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում, հանդիպել պետական հանձնաժողովի ներկայացուցիչներին, Ղարաբաղում երկու դատապարտյալներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին, ինչպես նաեւ Բաքվում պահվող երկու հայերին՝ Զավեն Կարապետյանին ու Արսեն Բաղդասարյանին:

Հայտարարությունում նշված է, որ ՄԱԽ-ը փորձել է փորձագետների հանդիպում կազմակերպել չեզոք տարածքում գերիների ազատման հարցերը քննարկելու համար: Այդպիսի հանդիպում նախատեսվել էր այս տարի, սակայն երկար խորհրդակցություններից հետո հետաձգվել է: ՄԱԽ-ը հնարավոր ամեն բան կանի, որ հաջորդ տարի կայանա հանդիպումը, քանի որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել նախաձեռնությունը եւ ճանապարհներ գտնել կարեւոր մարդասիրական հարցերի լուծման համար, նշված է հայտարարությունում:

Ո՞վ է հրաժարվել չեզոք տարածքում հանդիպումից: Խումբը ստացե՞լ է չեզոք տարածքում Բաքվի ներկայացուցչի հետ հանդիպելու եւ հարցն ուղիղ քննարկելու առաջարկը: Ադրբեջանը հրաժարվե՞լ է հանդիպումից:

Քանի դեռ քաղաքական հարցերում հստակություն չկա, ցավոք, դժվար կլինի լուծել մարդասիրական հարցերը: Առավել եւս, որ Ալիեւն ամենեւին էլ չեն հետաքրքրում մարդասիրական հարցերն ու Ասկերովի եւ Գուլիեւի ճակատագիրը: Ալիեւը փորձում է վերադարձնել դիվերսանտներին, որ հերոսացնի նրանց եւ թույլ չտա Ստեփանակերտի վերադարձը բանակցային ձեւաչափ անգամ մարդասիրական հարցերում:

 

 Նյութի աղբյուրը՝ lragir.am