Հարավ-Կովկասյան երկաթուղին, որը կառավարում է հայկական երկաթուղիները, զգուշացրել է, որ դեկտեմբերի 1-ից ժամանակավորապես դադարեցվելու է Կովկաս-Փոթի լաստանավը:

Հիշեցնենք, որ 2019 թ. հունվարից Վրաստանի տարածքով Հայաստան ցորենի ներկրումը բեռնատարներով արգելվելու է: Քննարկվում էր երկաթուղային ու լաստանավային բեռնափոխադրումների տարբերակը:

Ստացվում է, որ հունվարից հայկական կողմը չի կարող ցորեն ներկրել ոչ ծովային, ոչ էլ ցամաքային ճանապարհով:

Վրաստանը իր տարածքով փոխադրումների արգելքը սահմանել էր սեպտեմբերի 15-ին, սակայն հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում հետաձգել էր դրա կիրառումը մինչեւ 2019 թ. հունվարի 1:

Հարավ-Կովկասյան երկաթուղիները հայտարարել է, որ լաստանավային փոխադրումները ռուսական Կովկաս եւ վրացական Փոթի նավահանգիստների միջեւ ապահովում են այլ իրավաբանական անձինք, որոնք կապ չունեն ՀԿԵ հետ:

Հիշեցնենք, որ Հարավ-կովկասյան երկաթուղում ստեղծված իրավիճակը քննարկվում է Պուտին-Փաշինյան մակարդակով:

Օրերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կրկին տուգանել է ՀԿԵ-ին: Ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր անհամաձայնությունն է հայտնել ՀԿԾՀ որոշմանը եւ պատրաստվում է դիմել դատարան: Իր հերթին, ՀԿԵ-ն դժգոհություն է հայտնել երկաթուղային ոլորտում կառավարության հայեցակարգի հանդեպ, հայտարարելով, որ իր հետ այդ փաստաթուղթը չի համաձայնեցվել:

Վերադառնանք ցորենի ներկրման խնդրին:

Հետաքրքիր է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները 52 տոկոսով նվազեցնելու մասին: Սակայն ՀԿԵ-ն հայտարարում է, որ Փոթիի ուղղությամբ լաստանավը չի գործելու դեկտեմբերի 1-ից:

Ի՞նչ է կատարվում: ՀԿԵ-ն փորձում է ճնշո՞ւմ բանեցնել ՀՀ կառավարության վրա, թե՞ գործ ունենք «հացահատիկային շրջափակման» հետ, որին միանում է նաեւ ռուսական կողմը:

Պետք է նկատի առնել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի միջազգային մեկուսացման ու շրջափակման իրենց քաղաքականության մեջ Վրաստանը դիտարկում են որպես կարեւորագույն հարթակ: Զուր չէ, որ պարբերաբար տեղեկություններ են տարածվում Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների հանդեպ Ադրբեջանի հետաքրքրությունների մասին:

Եթե նկատի առնենք, որ Հայաստանում ռազմավարական բոլոր հաղորդակցությունները գտնվում են Ռուսաստանի ձեռքին, ցորենի տեղափոխման շուրջ այս պատմությունը դուրս է գալիս զուտ տնտեսական խնդրի շրջանակից, հեռանկարի ու նաեւ տարածաշրջանի 100-ամյա ստատուս-քվոյի առումով:

100 տարի առաջ Թուրքիան ու Ռուսաստանը բաժանեցին տարածաշրջանը Հայաստանի հաշվին՝ Թուրքիան ստացավ Հայաստանի տարածքները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն՝ Արարատ լեռով, Ադրբեջանը՝ Նախիջեւանը եւ Ղարաբաղը, ինչի դիմաց Թուրքիան Բաթումը զիջեց Ռուսաստանին, որը փոխանցվեց Վրաստանին: Փաստորեն, Բաթումը փոխանակվեց հայկական տարածքների հետ:

Միեւնույն ժամանակ, կար Բաթումի նավահանգստի շրջանը Հայաստանին տրամադրելու խոսակցություն՝ էքստերիտորիալ ճանապարհով: Գուցե ցորենի դեպքում ներկայում սա լուծո՞ւմ լինի, որպես յուրօրինակ «փոխհատուցում»: Հայաստանի կառավարությունը մտածելու բան ունի:

Իրավիճակը հիշեցնում է 1990-ականների սկիզբը, երբ Հայաստանը ենթարկվեց գազային շրջափակման: Փոխարենը Ռուսաստանը գազ էր մատակարարում Ադրբեջանին, իսկ ռուս օդաչուները ռմբակոծում էին Ստեփանակերտը: Հետո, չնայած այս գործարքին, ռուս զինծառայողներին ու նրանց ընտանիքներին Ադրբեջանում սպանեցին: Իսկ հայկական ատոմակայանը գործարկվեց միայն պատերազմից հետո: Հայաստանից այդ տարիներին տեղի ունեցավ ահռելի արտագաղթ: Սա իբրեւ պատմական փոքրիկ էքսկուրս:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am