Երեւանում քայլերթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀԿ-ականների, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեղադրանքներին, թե ինքը խոսում էր կախարդական փայտիկ ունենալու մասին, ո՞ւր է այդ կախարդական փայտիկը, երբ ներդրումները նվազում են, տնտեսական աճի տեմպը նվազում է:

Փաշինյանը հայտարարեց. «Երբ հարց են տալիս, թե բա ո՞ւր է կախարդական փայտիկը, կախարդական փայտիկն այն է, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ ակտիվություն է: Միանշանակ է, որ այսպես շարունակվելու պարագայում, մեզ մոտ շինարարության նոր վերելք է սկսվելու, որն արդեն կա: Նաեւ տեքստիլի ոլորտում, արդյունաբերության ոլորտում: Երբ մենք հանքարդյունաբերությունը կբերենք պատշաճ ստանդարտների, մեր տնտեսությունն իսկապես հեղափոխական փուլ է մտնելու:

Կախարդական փայտիկն այն է, որ մեկ ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելանում է: Բա դա կախարդական փայտիկ չի՞: Դուք որտե՞ղ եք տեսել նման բան: Այն, որ երկրում ընտրություններ չեն կեղծվում, դա կախարդական փայտիկ չի՞: Բա նմուշի համար մի անգամ չկեղծված ընտրություններ անցկացնեիք: Այո, կախարդական փայտիկ է եւ այն ամեն օր գործում է:

Կախարդական փայտիկ չի՞ որ վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է, եւ քաղաքացիներին էլ, օ զարմանք, իրեն են ողջունում»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ինքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն գործատուներին, որոնք իրենց աշխատողներին բերել են գրանցման սպիտակ դաշտ. «Մենք ամեն ինչով աջակցելու ենք, որ իրենք հարստանան, իրենց աշխատողներին հարստացնեն եւ պետությանը հարստացնեն»:

Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ այս տարի արդյունաբերության ոլորտում 8,5 տոկոս աճ է գրանցվել, այն դեպքում՝, երբ հանքարդյունաբերությունը 15 տոկոսով անկում է գրանցել. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ թափ է: Տնտեսական հեղափոխությունն սկսվել է»: