Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արեւելյան հանձնաժողովի ու «Արեւելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։

Հանդիպմանը մասնավորապես մասնակցել են «Ցեպելին», «Սիմենս», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ» եւ այլ ընկերությունների ղեկավարներ:


Նշելով, որ Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում հաջողությամբ գործունեություն են ծավալում գերմանական կապիտալի մասնակցությամբ մի շարք ընկերություններ, նախագահ Սարգսյանը միեւնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ այդ ոլորտներն ընդլայնելու եւ փոխգործակցությունը խորացնելու դեռեւս մեծ ներուժ կա:

Նշելով, որ 21-րդ դարն արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ճիշտ երկիր է, որը ճիշտ ժամանակին գտնվում է ճիշտ տեղում։ «Ճիշտ ժամանակն է, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարասկզբին: Սա մի ժամանակաշրջան է, երբ ամեն բան շատ արագ է փոխվում: Գաղտնիք չէ, որ վերջերս ավարտել եմ իմ գիրքը, որը կոչվում է «Գլոբալ ռիսկերի քվանտային վարքագիծը»: Քվանտային ասելով նկատի չունեմ, որ կարելի է կիրառել քվանտային մեխանիկայի կանոնները: Քվանտայինը ենթադրում է, որ այդ վարքագիծն այլեւս դասականը չէ: 21-րդ դարում փոփոխությունները դինամիկ են, սրընթաց եւ դրամատիկ: Միջոցները, որոնցով հնարավոր է կառավարել եւ նկարագրել ռիսկերը 21-րդ դարում, եւս դասականը չեն եւ չեն լինելու: Այս տեսանկյունից Հայաստանի համար ճիշտ ժամանակն է»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ մարդկությունն ապրում է սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ տարեցտարի ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվում:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հազարավոր տարիներ եղել է քաղաքակրթությունների խաչմերուկում: «Այդ խաչմերուկն այսօր կարող է դառնալ կամուրջ, քանի որ այսօր Հայաստանը միակ երկիրն է, որը ԵՏՄ անդամ է, ինչը ենթադրում է, որ երկիրը ոչ թե 3 մլն, այլ ավելի քան 200 միլիոնանոց շուկա ունի, որը ներառում է Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է խորը եւ համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ, եւ մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները այդ կառույցի հետ: Այսինքն, Հայաստանը միակ երկիրն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի հետ: Մեր երկիրը ճիշտ տեղում է»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները, ներդրումային գրավչությունը եւ գործարար միջավայրը, Հայաստանում բիզնես ծավալելու մրցակցային առավելությունները։

«Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրում անելու համար: Երկիրը տարբեր ոլորտներում մեծ ներուժ ունի՝ սկսած գյուղատնտեսությունից մինչեւ թեթեւ արդյունաբերություն, բանկային ոլորտ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարները խոսել են իրենց ընթացիկ ծրագրերի, դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։

Հանդիպման մասնակից մյուս գործարարներին նախագահ Սարգսյանն առաջարկել է այցելել Հայաստան` տեղում ուսումնասիրելու եւ քննարկելու փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունները։