Մենք հնարավորինս փորձում ենք չմիջամտել այս օրերին որոշ քաղաքական ուժերի միջեւ սկսված հակամարտությանը՝ հանրությանը ներկայացնելով միայն մեր մոտեցումներն ու ծրագրերը: Այդ մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, համապետական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ին հանրությունն ընտրելու է ուժերի, որոնք իշխանություն չեն լինելու, այսինքն՝ որոշելու է, թե ովքեր են ընդդիմություն:


«Ընդդիմությունը հենց այնպես խոսացողները չեն, իրար վրա ցեխ շպրտողները չեն, ամեն ինչը քննադատողները չեն, քննադատել քննադատելու, դեմ լինել՝ դեմ լինելու համար: Այս բաները պետք է դուրս գան քաղաքական մշակույթից: Ընդդիմությունն այն ուժն է, որը հակակշիռ է, որը փոխզսպում է, որն իր տեսլականներով բախվում է, եւ այդ գաղափարական բախումների արդյունքում ծնվում են լուսավոր գաղափարներ:

Մենք ժամանակ չունենք իրար հետ կռիվ անելու, իրար հայհոյելու: Իմաստ չունի, դրա ժամանակներն անցում են, բան չի մնացել, դեկտեմբերի 9-ին մենք դա ավարտվում ենք, եւ դրանից հետո պետք է աշխատել»,- նշել է Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ին նշելով. «Ասում են մենք կարող ենք լինել լավ ընդդիմություն: Եթե դուք լավ իշխանություն չեք եղել, ոնց կարող եք լինել լավ ընդդիմություն»: