Քաղաքացիների հետ ակտիվ հանդիպումներ, ՀՀԿ-ից զատ, չի անցկացնում նաև ՕԵԿ-ը, որի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը սահմանափակվում է, այսպես կոչված, էլիտար հանդիպումներով։ Երեկ, օրինակ, Բաղդասարյանը հանդիպել է բուժաշխատողների հետ, որի ընթացքում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ «Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում եկել է խելքով կառավարման ժամանակը: Ռոբերտ Քոչարյանն էլ էր «դուխով» կառավարում Հայաստանը, Սերժ Սարգսյանն էլ, միայնակ կառավարում էին, այդ «դուխով» կառավարման հետևանքները հայ ազգը տեսավ այս քսան տարում, տոկոս խփելու քաղաքականությունը տեսավ, հիմա եկել է մի նոր «դուխով» կառավարման փուլ, և մենք կրկին ասում ենք՝ ոչ, քանի որ խելքով պետք է կառավարել, առկա խնդիրները պետք է խոհեմ լուծել»,- ասել է ՕԵԿ առաջնորդը:

Ըստ ամենայնի՝ Արթուր Բաղդասարյանը արդեն համոզվել է, որ հետհեղափոխական իրավիճակն ամենևին էլ բարենպաստ չէ իր ղեկավարած կուսակցության համար ու աստիճանաբար հանդես է գալիս հայտարարություններով, որոնք ավելի շատ նման են ոչ թե քաղաքական դիրքորոշման, այլ ուղերձի։ Բնորոշ վիճակ է քաղաքական արխիվացման ճանապարհին գտնվող ուժի համար։

Նախկին համակարգի բաղադրիչ համարվող ՕԵԿ առաջնորդը, ով առաջիններից մեկը ողջունեց հեղափոխությունը, ըստ էության ահազանգում է, որ հին համակարգի ռեստավրացիայի վտանգ կա։ Իհարկե, Բաղդասարյանը տվյալ դեպքում խոսում է ոչ թե հին համակարգի մեխանիկական, այլ բովանդակային ռեստավրացիայի մասին, այլ խոսքով՝ ահազանգում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է քայլել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ճանապարհով։

«Դուխի» ու «խելքի» հակադրությունը, կարծում ենք, այնքան էլ տեղին չէ, եթե հեղափոխության համատեքստն արդյունավետ օգտագործվի օրվա իշխանության կողմից, ավելին՝ հակված ենք կարծելու, որ վճռականության ու նպատակասլացության, հետևողականության ու ինտելեկտի համադրումը կարող է համակարգային բարեփոխումներ անցկացնելու լուրջ ազդակ հանդիսանալ։ Համենայնդեպս, մենք այդպես ենք ընկալել հեղափոխությունը։

Սակայն սա չէ Բաղդասարյանի խոսքի հիմնական ուղերձը, այլ այն, որ նա փորձում է արհեստականորեն Նիկոլ Փաշինյանին նմանեցնել Հայաստանի նախկին երկու ավտորիտար ղեկավարների հետ։ Օրինակ՝ միայնակ կառավարման մասին հիշեցումը երկշերտ ակնարկ է, որը կարող է մի կողմից՝ վերաբերել «Իմ քայլը» դաշինքի տոտալ մեծամասնությանը, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությանը։ Իհարկե, երկու դեպքում էլ ռիսկերը չափազանց մեծ են, որովհետև եթե կուսակցության կամ անձի բացարձակ իշխանությունը չի ունենում հակակշիռներ, ապա մեծանում է ավտորիտարիզմի վտանգը, և, այսպես կոչված, «դուխը» տրանսֆորմացվում է բացասական հասկացության՝ վերածվելով զոռբայության։ Ամբողջ խնդիրն այն է, որ ներկա իրավիճակը առայժմ նման տեսանելի ռիսկեր չի ծնում, եթե նույնիսկ Արթուր Բաղդասարյանի «խելքով» ՕԵԿ-ը չհայտնվի խորհրդարանում։

«Դուխի» ու «զոռբայության» տարբերությունը հենց այն է, որ առաջինն իր մեջ ներառում է նաև իմաստնություն ու իշխանություն՝ անկախ բովանդակությունից, կայանում է ոչ թե մեկ անձի սուբյեկտիվ մղումների, ցանկությունների, այլ հասարակության կամքի ուժով։ Այս առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարզապես անկարելի է համեմատել նախորդ երկուսի հետ, եթե, իհարկե, Բաղդասարյանն ակնհայտ ցանկություն չունի սևացնելու հեղափոխությունը։ Ավելին, Քոչարյանն ու Սարգսյանը երբեք «դուխով» չեն եղել, հակառակ պարագայում չէին թաքնվի ոստիկանական պատնեշների հետևում։

Նույնը վերաբերում է «տոկոս խփելու» լատենտ մեղադրանքին։ Անցած քսան տարիներին «տոկոս խփողը» եղել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երբեմն՝ նաև ՕԵԿ-ի համար։ Այս առումով արմատապես վիճակ է փոխվել. «տոկոս խփողը» դարձել է բացառապես հասարակությունը, ու եթե այդ իրավիճակը ձեռնտու չէ Արթուր Բաղդասարյանին, դա չի նշանակում, որ ՕԵԿ առաջնորդի մեջ պետք է առաջանա քաղաքական ադեկվատության կորուստ։

Քարոզարշավի առաջին օրերը բացահայտում են, որ մեր քաղաքական ուժերի գերակշիռ մասն ասելիք չունի ու իր մխիթարությունը գտնում է բառախաղի մեջ։ Թերևս այդ պատճառով նրանք չար երազներ են տեսնում, որտեղ «դուխով տոկոս խփող» Նիկոլ Փաշինյանը նույնանում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am