Ներկայումս ես չեմ հանդիպում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ձեռներեց Միկա Բաղդասարովը:

Գործարարի խոսքով՝ հիմա Հայաստանում թե՛ քաղաքական համակարգի, թե՛ տնտեսության վերակառուցում է տեղի ունենում. ժամանակի ընթացքում ամեն ինչ կվերակառուցվի. «Քանի որ վերակառուցման ժամանակն էր, ապա այն եկավ»:


Ի պատասխան հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք հայկական բիզնես վերադառնալ, Բաղդասարովը նշեց. «Ես համեստ գործարար եմ: Սա շատ բարդ հարց է: Չեմ կարող միանշանակ ասել, տեսնենք, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի»:

Այն հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ «Արմավիա» ընկերության հետ, Բաղդասարովը պատասխանեց. «Փակել են, հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ է տեղի ունեցել: Փակելու շատ առիթներ կային, իսկ ահա պատճառին մինչեւ հիմա տեղյակ չենք: «Արմավիայի» փակելուց հետո բոլոր հաջող նախագծերը դարձան «Արմավիայի» պատանդները: Սա շատ բարդ հարց է, որին միանշանակ պատասխանել չի կարելի: Դուք ինձ հարցեր եք տալիս, որոնք տրվել են նաեւ նախկինում, երբ շատ բան գիտեի, հիմա ես ոչ մի բան չգիտեմ»: