Կա ցանկություն մեր ուժի կողմից ձևավորելու ավելի լուրջ, ուժեղ Ազգային Ժողով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողներին ասաց «Իմ քայլը» դաշինիքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը։

«Նախկինում էլ եմ առաջարկներ ստացել, բայց մերժել եմ, քանի որ նախկին ԱԺ–ն կոնկրետ ինձ համար հետաքրքիր չէր հենց թեկուզ օրենսդիր գործունեությամբ զբաղվելու համար, շատ հակասական էր պատկերը, եւ չէի ուզում ինձ այնտեղ տեսնեի։ Հիմա ամբողջովին փոխվել է իրավիճակը: Կա ցանկություն մեր ուժի կողմից ձևավորելու ավելի լուրջ, ուժեղ Ազգային Ժողով, տեսել եք կազմը, կան տարբեր մասնագիտության տեր մարդիկ, հուսով եմ, որ աշխատանքը այս անգամ ավելի արդյունավետ կլինի»,- ասաց նա։


Ջուլֆալակյանը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից ընդունվել են իր բոլոր պայմանները։ Նա կուսակցական չի դառնա, կշարունակի սպորտով զբաղվել եւ չի առաջադրվել ռեյտինգային կարգով։

«Ես ասացի, որ պետք է մնամ անկուսակցական և պետք է շարունակեմ զբաղվել սպորտով: Պայմանս «Իմ քայլի» կողմից ընդունվեց դրական: Ես գտում եմ, որ «Իմ քայլը» դաշինքն այն ուժն է, որը, իրականացնելով հեղափոխությունը, ունի շատ մաքուր և բարի ցանություններ կառուցելու այն Հայաստանը, որի մասին երազում ենք մենք բոլորս»,- նշեց նա՝ հավելելով, որ չէր պատկերացնում իրեն այլ ուժի ցուցակում։

Ջուլֆալակյանն ասաց, որ ինքը միշտ դեմ է եղել ռեյտինգային ընտրակարգին. «Ցավոք այսօր մնաց այդ ընտրակարգը եւ իր բացասական ազդեցությունը կունենան նոր ձեւավորվող ԱԺ–ի վրա։ Ինչո՞ւ եմ դեմ, քանի որ ռեյտինգայինով ԱԺ–ում հայտնվում են մարդիկ, որոնք ոչ մի եզրեր չունեն օրենսդիր գործունեության հետ։ Այստեղ կարեւորվում են անձնական կապերը եւ զանազան հնարավորությունները՝ բացի անձնային հատկանիշները։ Այդ պատճառով ցանկացա համամասնականով առաջադրվել»։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական կուսակցություն եւ դաշինք։