“Պարոն Քոչարյանը դատարանում ուղղակի նկարագրեց այն իրավիճակը, որը գոյություն ուներ, երբ որ իր կողմից այդ գործողություններն իրականացվել են: Նկարագրեց, թե ինչ էր կատարվում, ինչ մտավախություններ կային, նկարագրեց, թե ինչ պայմաններում ինչ ելակետային տվյալների հիման վրա է արտակարգ դրություն մտցրել”,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողներին ասաց Ռաբորետ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ մանրամասներ ներկայացնելով դատական նիստից:

Փաստաբանն անդրադարձավ նաև 0038 հայտնի հրամանին: Նա նշեց, որ իրենք չեն ասում, որ այդպիսի հրաման գոյություն չի ունեցել: “Այդ հրամանի տեքստը դուք այնպես եք պատկերացնում: Հիմա երբ որ դուք կարդաք այդ հրամանը, շատ կհիասթափվեք: Մենք չենք ասում՝ այդպիսի հրաման չի եղել, բայց ասում ենք, որ այն, ինչ գործի մեջ դրված է, չի համապատասխանում… Մենք ասում ենք՝ դա ՊՆ-ից չի վերցված, հենց այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել: Թե հիմա իրական հրամանը ինչով է տարբերվելու այն հրամանից, որը կա գործի մեջ, այ դա է մեզ հետաքրքրում”,- ասաց նա: Հարցին, թե Քոչարյանը հիշո՞ւմ է հրամանի բնագիրը, նա պատասխանեց. «Պարոն Քոչարյանն այդ հրամանի հետ կապված որոշ բաներ ասել է, որը ես հիմա չէի ուզի հրապարակել»: