Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:


Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):

Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որը անհայտ կորած Ն. Բ.-ի (1955 թ.) որդու հավաստմամբ պատկանում է հորը:

Փրկարարները ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կորածի հարազատների հետ անցակացրել է հոգեբանական զրույց:

Ժամը 22:54-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ մինչ ջրանցքի ջրի մակարդակի իջեցումը:

«Քանաքեռ ՀԷԿ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ ջրի մակարդակը իջեցվել է։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 07:27-ին որոնողական աշխանտանքները վերսկսվել են: