ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդություն կներկայացնեն ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաննեից Հայկ Ալումյանը: Նշենք, որ 2008թ. խմբագրված քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրվագից բացի ներառված է եղել նաեւ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ դրույթ, հետագայում այդ հոդվածը փոփոխվել է՝ դառնալով 300.1։ Քոչարյանի պաշտպանների կարծիքով թե՛ նախկին, թե՛ գործող հոդվածներում առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։


Հաջորդ միջնորդությունը, որը Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են ներկայացնել դատարանին, վերաբերվում է Վճռաբեկ դատարանում ներկայացված այն տեսանյութին, որտեղ ըստ նրանց՝ երեւում է, թե ինչպես են ցուցարարները Մարտի 1-ին կրակում: Ալումյանը նշեց, որ միջնորդելու են դատարանում հետազոտել այդ տեսանյութը. «Պետք է նայենք դատարանում որոշ մեկնաբանություններ անենք եւ տեսնենք թե մյուս կողմը ինչպես է մեկնաբանում»,- ասաց նա:

Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
Տպել
0
SHARES