Թավշյա հեղափոխությունից հետո անցած ամիսների ընթացքում, ու հատկապես խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ ու քարոզչական շրջանում, հաճախ է պատահում այն միտքը, թե ՀՀԿ-ն այդուհանդերձ փորձառություն ունեցող ուժ է եւ այդ առումով ունի առավելություն: Այդ փորձառությունն էլ դիտարկվում է իբրեւ նոր իշխանությանը միակ ընդդիմության կամ այլընտրանքի անժխտելի փաստարկ:

Առերեւույթ ստեղծվում է այդպիսի տպավորություն, հատկապես, երբ նախընտրական բանավեճերի ընթացքում ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ դրսեւորում են ճարտասանություն, որտեղ իհարկե գլխավոր խաղադրույքը կատարվում է հենց առերեւույթ տպավորության վրա: Որովհետեւ բովանդակային, խորքային առումով խնդիրը դիտարկելու դեպքում ակնառու է դառնում, որ ճարտասանությունը որեւէ կապ չունի այն իրողությունների հետ, որոնք Հայաստանում գերիշխել են ՀՀԿ կառավարման երկու տասնամյակի ընթացքում, ու նաեւ այն գործընթացի հետ, որի շնորհիվ ընդհատվել է այդ կառավարումը:

Այդ իմաստով, ՀՀԿ փորձառության դիպուկ գնահատականը տվել է Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնից հետո գնալով վարչապետության եւ հայտարարելով, թե դա անում է իր փորձը երիտասարդներին փոխանցելու համար:

Փաստացի, Սերժ Սարգսյանն այդպիսով գնահատել է ՀՀԿ-ն, տվել այդ ուժի գնահատականը եւ արձանագրել, որ ՀՀԿ-ն այն ուժը չէ, որին հնարավոր է իշխանություն վստահել, իշխանություն փոխանցել:

Ընդ որում, այդ իմաստով խորհրդանշական է նաեւ, որ Սերժ Սարգսյանը մոտ տասներկու տարի գլխավորելով այդ կորպորացիան, գործնականում որեւէ վճռորոշ քայլ չվստահեց դրան, եւ նրա կարեւոր որոշումների մասին ՀՀԿ-ն տեղեկանում էր վերջին պահին:

Սարգսյանը լավ գիտեր, որ ՀՀԿ-ն ունի միայն իր առաջնորդներին հանձնելու փորձ: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ օրինակ «գաղափարական» կուսակցության ընտրական ներկայիս ցուցակը գլխավորում է մարդ, որն ընդամենը 2016-ի նոյեմբերին է դարձել կուսակցական, այն էլ իրավիճակի, քաղաքական պահի բերումով:

Փորձառության մասին «լեգենդի» մեջ կա որոշակի թյուրըմբռնում կամ մոլորություն: Իսկապես, նախորդ համակարգն ուներ կառավարման շոշափելի փորձ: Բայց, նախ այդ փորձը կուտակվել եւ կիրառելի էր միայն կոռուպցիոն բնույթի, կոռուպցիոն մեխանիզմների պարագայում: Եվ երկրորդ, նրանք, ովքեր այդ պարագայում թեկուզ ունեին կառավարման փորձ, ունեին փորձառություն, ներկայում ՀՀԿ-ում չեն, առնվազն զգալի մասով: Դրանք այն օդիոզ դեմքերն են, որոնք պահում էին բուրգը այն «քաղաքական դեմքերի» համար, որոնք ներկայում փորձում են «փորձառությունը» դիտարկել իբրեւ մրցակցային առավելություն, բայց այն մարդկանց փորձառությունը, որոնց ի դեպ մեղադրում են ՀՀԿ այսպես ասած «բարի համբավը» արատավորելու համար:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, ապա այստեղ էլ հենց Սերժ Սարգսյանի գնահատականն է՝ անփոխարինելիության առումով:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am