«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ բարձրագույն իշխանությունների այս գաղտնալսումները և դրանց հրապարակումն ընտրություններից առաջ, եթե անգամ պատերազմ չեն Հայաստանի ժողովրդի դեմ, ապա առնվազն հարձակում են Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության վրա և պետք է արժանանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համարժեք վերաբերմունքին: Մանավանդ որ դեռ պարզ չէ, թե դրանք արվել են ռուսական, թուրքական, թե որ երկրի հատուկ ծառայությունների կամ ներհայաստանյան հակապետական տարրերի կողմից և ինչ նպատակով: Մենք կարող ենք և պարտավոր ենք քննադատել գործող իշխանությանն այս կամ այն հարցում` իր լիազորությունների պատշաճ իրականացումը թերանալու համար, սակայն նաև հասկանալով որոշ արտաքին ուժերի՝ անվտանգային ոլորտում ունեցած օբյեկտիվ առավելությունը Հայաստանի հանդեպ՝ պարտավոր ենք մեր աջակցությունը հայտնել Հայաստանի պետական իշխանությանն արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարում, դրանց հարձակումներին դիմակայելու գործում»: