ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գործնականում անկարող եղավ բացատրել, թե իրեն ինչի համար է պետք պատգամավորական մանդատը նոր իրավիճակում: Այդ հարցը նրան ուղղեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաեթերում ընտրությանը մասնակից ուժերի առաջին դեմքերի բանավեճի ընթացքում: Սակայն միայն Մարուքյանին չէ, ոչ այդ հարցը հետաքրքրում է, և ըստ այդմ, խնդիրը, անշուշտ, միայն երկու ուժերի քաղաքական շահերի բախումը չէ: Այստեղ բախվում են հասարակության և խոշոր կապիտալի շահերը, ու սա մի խնդիր է, որը հենց առանցքայիններից է եղել Հայաստանում քառորդ դարի ընթացքում, աստիճանաբար ավելի ուժգնանալով բիզնես-իշխանություն սերտաճման համատեքստում:

Թե ինչու էր մանդատը պետք Գագիկ Ծառուկյանին նախկին համակարգում, թերևս չունի բացատրության կարիք: Դա նախկին համակարգի բնույթն էր: Այստեղ, իհարկե, կա հետաքրքիր հակասականություն: Մի կողմից, եթե չլիներ հենց այդ բնույթը, ապա հազիվ թե Ծառուկյանը լիներ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, մյուս կողմից էլ՝ դառնալով այդպիսին, նա ըստ էության ստիպված էր ներքաշվել արդեն քաղաքականության մեջ, իր համար բացարձակապես անհարմար և անգամ վտանգավոր մի դաշտ, որտեղ Ծառուկյանը գործնականում տասը տարի և ավելի դարձավ ամենահարմար թիրախներից մեկը ներիշխանական հարաբերությունների պարզաբանման գործընթացում, նախկին նախագահների հայտնի եռանկյան շրջանակում: Թավշյա հեղափոխությունը նրա համար հնարավորություն է, բայց այստեղ կարծես թե Ծառուկյանը հայտնվել է հակասության մեջ: Հեղափոխությունը նա դիտարկել և դիտարկում է իբրև քաղաքականության մեջ ավելիին հասնելու հնարավորություն, քան նախկին համակարգում, որտեղ նա, այսպես ասած, հաստատագրված երկրորդն էր: Մինչդեռ հեղափոխությունը նրա համար քաղաքականությունից սահուն դուրս գալու հնարավորություն է, այդպիսով նաև քաղաքականության մեջ համակարգային և պատմական հետք թողնելու հնարավորություն, երբ խոշոր կապիտալի ներկայացուցիչը իր օրինակով կբաժանի բիզնեսն ու քաղաքականությունը անմիջական սերտաճման ռեժիմից և դրանով իսկ էական քայլ արած կլինի հայկական քաղաքականության մեջ հանրային շահի և խոշոր կապիտալի բախումը եթե ոչ անմիջապես հաղթահարելու, ապա առնվազն զգալիորեն թուլացնելու ուղղությամբ:

Մինչդեռ մնալով քաղաքականության մեջ, նա փաստորեն գնում է բախումը շարունակելու, որտեղ, սակայն, ինքը դարձյալ կլինի թիրախում: Վերջին հաշվով, մանդատը նրա համար այլևս չի լինելու պաշտպանություն, որովհետև փոխվում է քաղաքականության տրամաբանությունն ու մեխանիզմը ինքնին: Եվ եթե նախկին համակարգի բնույթի ֆոնին Ծառուկյանը դիտվում էր «ժողովրդական», ապա ժողովրդական համակարգի ֆոնին Ծառուկյանն արդեն դիտարկվելու է լիովին հակառակ տրամաբանությամբ, և Երևանի ավագանու ընտրությանը ԲՀԿ տոկոսները հենց դրա վկայությունն էին, ոչ թե Փաշինյանի թելադրած սև-սպիտակի հետևանք: Ծառուկյանը իր դերը նախանշող ֆոնն է կորցրել, ոչ թե գույնն էր փոխվել Երևանի ավագանու ընտրությանը: Այդ ֆոնն այլևս չի վերականգնվելու, ըստ այդմ՝ ԲՀԿ առաջնորդը կանգնած է «հակաժողովրդական» դիրքավորման տրամաբանության մեջ, որովհետև նրա ժողովրդականությունն այլևս գեներացվելու է քաղաքականությունից դուրս, ոչ թե քաղաքականության մեջ լինելու միջոցով: Սակայն դա, իհարկե, հազիվ թե որևէ մեկը բացատրում է նրան, որովհետև այդպիսի մեխանիզմներն ու սխեմաները խորքային քաղաքական տրամաբանությամբ նրան մատուցելը այդքան էլ բարձր «թեյավճար» չի խոստանում «մատուցողներին»:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am