ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցում է թիվ 11 մանկապարտեզի բացմանը, որտեղ հաճախում է 100 երեխա: Մանկապարտեզը վերջերս է վերանորոգվել: Լոռու մարզպետի փոխանցմամբ մանկապարտեզի վերանորոգման համար ծախսվել է 150 մլն դրամ: Գումարը տրամադրել է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրուցել են գերիների փոխանակման մասին: «Ցավոք համաձայնության չենք եկել, որովհետեւ իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին, բայց մեենք այստեղ խնդիր ունենք, պետք է քննարկենք նաեւ Արցախի իշխանությունների հետ»:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ զրուցել են բանակցային գործընթացից: «Դա հանդիպում չի եղել: Գիտեք, որ ԵԱՏՄ խորհրդի նիստից հետո ԱՊՀ ֆորմատով ճաշ էր եւ այդ ճաշի ժամանակ ենք խոսել»:

Լրագրողների հարցին, թե ի վերջո ինչ է իրեն ասել Բելառուսի նախագահը, երբ Փաշինյանը պարզաբանում է պահանջել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը Լուկաշենկոյին մեղադրում է փակ նիստից բովանդակությունը բացահայտելու մեջ եւ հիմա ճիշտ չի լինի, որ ինքը եւս իրենց փակ հանդիպումից մանրամասներ հանրայնացնի: «Խոսակցությունն ինձ բավարարեց»:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com