Ժամը 07.30-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը (հայտնի են բոլոր 2010 ընտրական տեղամասերի արդյունքները)։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։


Երկրորդ տեղը ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին։

Ձայների 6,37 տոկոսով մեկ այլ աջակից ուժ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։ Այսպիսով, նոր խորհրդարանում, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ներկայացված կլինեն Նիկոլ Փաշինյանը իր համախոհներով ու «թավշյա հեղափոխության» աջակիցները։

Սակայն հաշվի առնելով այն, որ Սահմանադրությունն ընդդիմության համար երաշխավորում է պատգամավորական տեղերի 1/3-ը, ապա պետք է առաջիկայում սպասել, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց կհայտարարեն կառուցողական ընդդիմություն։

Ավելին, քանի որ «Իմ քայլը» կստանա 2/3 մանդատներից ավելին, ապա Հայաստանում առաջին անգամ կգործի 2015 թվականին ընդունված այն դրույթը, համաձայն որի՝ խորհրդարանի պատգամավորների թիվը համամամասնորեն ավելանում է այնքան, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ունենան մանդատների 1/3-ը։

Անցումային շեմը հաղթահարելուն շատ մոտ էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը չորրորդ հորիզոնականում է ձայների 4,7 տոկոսով (59059 ձայն)։

Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 3,89 տոկոս (48811),

«Մենք» դաշինք՝ 2 տոկոս (25174),

«Սասնա ծռեր»՝ 1,82 տոկոս (22862),

«Օրինաց երկիր»՝ 0,99 տոկոս 12389),

«Քաղաքացու որոշում»՝ 0,68 տոկոս (8530),

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 0,51 տոկոս (6456),

«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (4122)։