ՀՀ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն․ «Իմ քայլի» շտաբում լրագրողների հետ զրույցում անցած գիշեր ասել է ՀՀ վարչապետ, «Իմ քայլի» ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ Սա թերևս մայիսին հաղթանակած հեղափոխության ամենակարևոր արձանագրումն էր, որը տեղի ունեցավ երեկ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Ընտրություններին մասնակցությունը 50 տոկոսից մի փոքր պակաս էր, սակայն նույնիսկ այս հանգամանքն այլևս կարևոր չէ, որովհետև դրանք անցել են օրինականության պայմաններում ու որևէ կերպ չի ստվերվում գործընթացի քաղաքական, իրավական լեգիտիմությունը։ Նույնիսկ դրական է, որ խորհրդարանական այս ընտրություններն, ի տարբերություն երևանյանի, անցան ավելի պակաս էյֆորիկ մթնոլորտում՝ կառավարող դաշինքի օգտին գրացելով ոչ թե 80, այլ 70 տոկոս քվե։ Դրանից հեղափոխության քաղաքական հաղթանակը չի խամրում, 10 տոկոսի կորուստը նույնիսկ սթափեցնող է, որովհետև հեղափոխության թիմին պարտավորեցնում է՝ մի կողմ թողնել պոպուլիզմը, տեսարաննները ու լրջորեն կենտրոնանալ պետական օրակարգի վրա, մանավանդ, որ այլևս չկան կաշկանդող կոալիցիայի կապանքները, կամ՝ հակահեղափոխության վտանգը։ Խորհրդարանի քաղաքական խճանկարը միանգամայն կանխատեսելի էր՝ դեռ մինչև ընտրությունները։

Տոկոսային չնչին տարբերություններով ԱԺ-ում հայտնվեցին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» ու միայն խորհրդարանական գործունեությունը ցույց կտա, թե նրանցից ով է ավելի կենսունակ ու համապատասխան դեմոկրատական ընդդիմության դերին։ Մեր կանխատեսումները, որոնք հիմնված էին բացառապես մասնագիտական անալիզի վրա, իրականություն դարձան, ինչը ենթադրում է, որ երեկվա ընտրություններով ավարտին մոտեցավ հեղափոխությունը, առնվազն՝ քաղաքական հարթության վրա։ Շատ նախնական, մոտավոր հաշվարկներով՝ խորհրդարանը կունենա 129 պատգամավոր․ «Իմ քայլը»՝ 86, ԲՀԿ-ն՝ 25, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ։ Սակայն անցած անքուն գիշերվա ինտրիգը պայմանավորված էր ոչ թե ֆավորիտների գործոնով, այլ՝ էլեկտորալ սյուրպրիզի, այսպես կոչված՝ «երազախաբությամբ», որի հեղինակները դարձան ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն։ Քվեների մեկ երրորդի հաշվարկից հետո ՀՅԴ-ն հավակնում էր դառնալ օրվա հիմնական անակնկալը՝ ստացած քվեներով հավակնելով ներկայության նոր խորհրդարանում, սակայն վերջում բավարարվեց շատ ավելի համեստ արդյունքով՝ ստանալով 4 տոկոսից մի փոքր պակաս քվե։

Փոխարենը ամբողջ հասարակությանն ինտրիգի մեջ պահեց ՀՀԿ-ն, որը մինչև վերջին պահը պահպանեց ԱԺ-ում հայտնվելու հեռանկարը՝ եզրագիծը ի վերջո հատելով 5 տոկոսից աննշան ցածր(4,7%) ցուցանիշով։ Իհարկե, չենք կարծում, որ ՀՀԿ-ն՝ նման սահմանագծային արդյունքով, հեշտությամբ վայր դնի զենքերը։ Ամենայն հավանականությամբ՝ հանրապետականները մինչև վերջ վիճարկելու են ընտրությունների արդյունքները։

Սակայն փաստ է, որ դրանք արձանագրել են պատմական իրողություն՝ ՀՀԿ-ն այլևս խորհրդարանում չէ, ինչը նշանակում է, որ Հայաստանում հակահեղափոխությունը պարտված է։ Երեկվա ընտրություններում հեղափոխությունը նշանակալի հաջողություն է գրանցել նաև մեկ այլ հարթության վրա։ Նույնիսկ 2 տոկոս քվե չի ստացել «Սասնա ծռեր» կուսակցությունը, որն ասոցավում է քաղաքական արմատականության, նույնիսկ՝ ահաբեկչության հետ։ Սա խոսում է մեր հասարակության հասունության, հեղափոխության արժեքները հավուր պատշաճի ու համարժեք գնահատելու նրա ունակության մասին։ Հայաստանում հեղափոխությունն անշրջելի հաղթանակ տարավ։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am