Արտասահմանյան լրատվամիջոցները երեկ ամբողջ օրվա ընթացքում հետևել են ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին, իսկ այսօր ներկայացրել են ընտրությունների նախնական արդյունքները:

BBC-ն նշում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել և ամրապնդել իր իշխանությունը՝ հավաքելով ձայների ավելի քան 70%-ը: Միևնույն ժամանակ լրատվամիջոցն ընդգծում է ընտրություններին ցածր մասնակցությունը՝ 49%:

Associated Press լրատվական գործակալությունը նույնպես ներկայացնում է ընտրությունների նախնական արդյունքները և բացատրում, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնաց, որպեսզի վերահսկողություն հաստատի խորհրդարանում, որտեղ գերիշխող էին նրա քաղաքական ընդդիմադիրները:

Reuters լրատվական գործակալությունը նույնպես լուսաբանել է հայաստանյան ընտրությունները՝ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքը հեշտությամբ է հաղթել ընտրություններում: Լրատվամիջոցը նաև նշում է, որ երկու չափավոր ընդդիմադիր կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», հաղթահարել են 5% շեմը և տեղեր կզբաղեցնեն խորհրդարանում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ներկայացրել են նաև ռուսական առաջատար լրատվամիջոցները՝ Interfax-ը, РИА Новости-ն, Tass-ը: Վերջինս մանրամասնորեն ներկայացրել է բոլոր կուսակցությունների ստացած ձայները: