ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին շատ քիչ ձայներ չբավականացրին անցողիկ շեմը հաղթահարելու համար: ՀՀԿ-ն հավաքել է 4,70 տոկոս, ՀՅԴ-ն՝ 3,89: Եթե հոկտեմբերին ՀՀԿ-ն չտապալեր նոր Ընտրական օրենսգիրքը, կանցներ խորհրդարան, քանի որ նոր օրենսգրքով անցողիկ շեմը սահմանվում էր 4 տոկոս:

Հասկանալի էր, թե ինչու ՀՀԿ-ն տապալեց օրենսգիրքը, ընդ որում՝ դրանում չկար որեւէ քաղաքական տրամաբանություն: Այդ կուսակցությունը վաղուց համարժեք չէ իրականությանը, եւ օրենսգիրքն էլ տապալեց ընդամենը նոր իշխանությանն «ինադու»:

Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, պետք է նշել, որ նոր օրենսգրքի ընդունման երկրորդ փորձը տապալվեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսի բացակայության պատճառով, քանի որ չէր հերիքել ընդամենը երկու ձայն, թեեւ ՀՅԴ-ն հայտարարել էր, թե կողմ է քվեարկում:

Հեղափոխությունը շատ բան բացահայտեց Հայաստանում եւ շատ բաներ դրեց իր իսկական տեղը: Եվ ամենավառ օրինակը ՀՅԴ-ն էր, ավելի ճիշտ՝ նրա ղեկավարությունը, որը պարզապես «ճողվում» էր հնի ու նորի միջեւ: ՀՅԴ-ն նախ չպաշտպանեց հեղափոխությունը, հետո պաշտպանեց, հետո կասկածես ու միացավ Քոչարյան-ՀՀԿ-ԲՀԿ «դավադրությանը» հոկտեմբերի 2-ի քվեարկությամբ, հետո նորից պաշտպանեց, հետո նորից չպաշտպանեց…

ՀՅԴ ղեկավարության պահվածքը ամենադիպուկը բնութագրել էր ՀՀԿ արդեն նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Կոալիցիոն մեր գործընկերները հենց առաջին օրը, առանց լուրջ հետևություններ անելու, իշխանափոխության ջատագովներն էին, մաս կազմեցին կառավարությանը: Չգիտեմ ինչ-ինչ պատճառներով հետո ճանապարհի կեսից որոշվեց, որ նրանք պետք է ընդդիմություն դառնան: Հետո չգիտեմ, թե ճանապարհի մյուս կեսին ինչ կորոշեն իրենք… Վեց ամսվա ընթացքում երկու-երեք անգամ մտափոխվել, որ իշխանության հետ են, հետո փոխվեն, որ պետք է լինեն ընդդիմություն…»:

Ավելորդ է ասել, որ այդ պահվածքում չկար որեւէ քաղաքական, գաղափարական տարր ու բովանդակություն:

Ափսոս է իհարկե, որ ՀՅԴ-ն չի լինելու խորհրդարանում: Բայց նախորդ ռեժիմների հետ պարբերաբար ամոթալի գործարքների գնացող ղեկավարություն ունեցող կուսակցությունը չպետք է լինի խորհրդարանում, եւ հանրությունն իր քվեարկությամբ տվել է այդ գնահատականը:

ՀՅԴ-ն պետք է Հայաստանին, եւ երբեմնի հեղափոխական կուսակցությունը պետք է իր ներսում հեղափոխություն կատարի:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am