Հանրապետական կուսակցությունը հայտարարել է «Մերժիր Նիկոլին» նախաձեռնության մասին: Համենայնդեպս, այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակը, թեև անկասկած է, որ դեռ հստակեցման անհրաժեշտություն ունի այն, թե տվյալ նախաձեռնությունն ինչ աջակցություն ունի ՀՀԿ ներսում, իսկ քանի որ կուսակցությունը ամենևին միասնական չէր նույնիսկ ընտրական մասնակցության հարցում:

Դրան զուգահեռ, երեկ Երևանում մեկնարկել է մեկ այլ, այսպես ասած, շարժում, որը գալիս է նախկին իշխանությունից: Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար նրա համակիրները սկսել են պիկետային, հանրահավաքային շարժում: Մեծ է հավանականությունը, որ այդպիսով Քոչարյանը կփորձի առնվազն շոշափել հանրային տրամադրությունները՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու իր հայտարարած ծրագրին ընդառաջ: Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն փաստորեն պայքարում են քաղաքական կենդանության համար, փորձելով գտնել առնվազն դրա նշաններ ապահովող ձևաչափեր:

Եվ այստեղ հետաքրքիր է հարցը, թե արդյո՞ք երկու այդ նախաձեռնություններով նրանք մերժելու են մեկը մյուսին՝ իրական ընդդիմության համար, այսպես ասած, հայտարարված պայքարում, թե՞ ի վերջո Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն շարժվում են հանդիպակաց:


Այսինքն՝ ամեն դեպքում նրանք ակնհայտորեն շարժվում են հանդիպակաց, հարցն այն է՝ այդ շարժումը կավարտվի բախումո՞վ, թե՞ գրկախառնությամբ, և երկրորդն նախագահն ու Հանրապետական կուսակցությունը կդադարեն վիճարկել «միակի» հանգամանքը և կմիաձուլվեն մեկ կառույցում:

Առայժմ, սակայն, ակնհայտ է, որ երկու այդ ուժերը ոչ միայն չեն արտահայտում միասնականության մտադրություն, այլ հասկանալիորեն խանգարում են իրար, թերևս լավ պատկերացնելով, որ մեկը մյուսի համար կարող է առավելագույնը ավելացնել ֆինանսական ռեսուրսներ, բայց ոչ հանրային վարկ կամ աջակցություն:

Իհարկե, նախկին իշխող համակարգի տրամաբանության համատեքստում ֆինանսական ռեսուրսն է գերակայում հանրային ռեսուրսին՝ իր նշանակությամբ, կամ ֆինանսականն է հանրային ռեսուրսի ձեռքբերման ճանապարհը, սակայն ամբողջ հարցն այստեղ այն է, թե նոր իշխանությունն ինչպիսի արդյունավետությամբ և գործիքակազմով պետք է աշխատի և առաջ մղի հեղափոխության օրակարգը, որի առաջնային խնդիրներից ու նպատակներից մեկն էլ հենց այն է, որ Հայաստանում փողը դադարի լինել քաղաքականության մեջ, այսպես ասած, վարկանիշի հիմք, այլ դրան փոխարինեն կոնկրետ գաղափարները, արդիական վարքագիծն ու մտածողությունը և հանրությանը մատուցվող արժեքային առաջարկները:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am