Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցում արդեն 10 օր է՝ դասադուլ է: Ծնողներն ու աշակերտները պահանջում են, որ դպրոցը ղեկավարի նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանը: Խնդրին լուծում տալու համար այսօր դպրոց է գնացել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նրան աշակերտները դիմավորել են բողոքի վանկարկումներով:

Դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի արդյունքում Լուսինե Կարապետյանը չի վերընտրվել, մրցույթում հաղթել է մեկ այլ դպրոցի ուսուցչուհի Աննա Բալյանը, որի դեմ էլ ակցիաներ են անում դպրոցի ծնողներն ու աշակերտները: Ներկայացնում ենք վարչապետի և աշակերտների ու նրանց ծնողների զրույցը:

Երեխաները վանկարկում էին, որ գործող տնօրենը հեռանա՝ «Բալյան, հեռացիր»:

-Չեմ կարծում, որ երկրի վարչապետը պետք է դպրոցի տնօրենի հարցով զբաղվի, բայց այս կարգի քննարկումներն ինձ համար էլ են օգտակար: Հանրակրթության ոլորտում խնդիրները լուծելու համար պետք է շատ շփվել ծնողների, ուսուցիչների հետ:

Առաջին տպավորությունս է, որ երկու մանկավարժներն էլ բարձր մակարդակի մանկավարժներ են: Արդյոք կարելի է ասել, որ տիկին Բալյանը չի կարող լավ տնօրեն լինել:

-Չի կարող, գոչեցին դպրոցականները և նրանց ծնողները:

-Ես համաձայն չեմ ձեզ հետ: Երկուսն էլ շատ լավ մանկավարժներ են: Ինչքանով է դպրոցի տնօրենի ընտրությունն օրինական ճանապարհով եղել և որքանով է արդար ու օրինական եղել: Մենք պարզեցինք, որ դպրոցի կառավարման խորհուրդը ձևավորվել է 100% օրինական:

-Ո՜չ:

Եվ նույնիսկ տիկին Կարապետյանը դա չմերժեց: Երկրորդը, արդյոք ընտրությունը օրինական է եղել, և ակնհայտ է, որ տեղի է ունեցել օրինական ընտրություն: Երրորդ, եղե՞լ է արդյոք ճնշումներ խորհրդի անդամների նկատմամբ:

-Այո՜:

-Եղան պնդումներ ճնշումների մասին երկու կողմից էլ: Մի հոգի էլ ասաց, որ իր հանդեպ եղել են ճնշումներ և սպառնալիքներ: Մեր երկիրն իրավական պետություն է: Մենք ցանկացած խնդիր լուծելու ճանապահրն պետք է առաջնորդվենք ոչ թե ճաշակով, անձնական կապերով, այլ օրինականությամբ: Իմ եզրակացությունը՝ դպրոցի տնօրենի ընտրությունն օրինական էր

-Ո՜չ:

– Հիմա, արդյո՞ք այս պահին կան դպրոցի տնօրենի ընտրությունները չեղյալ անելու հիմքեր:

-Այո՜

-Ոչ: Եթե ճնշումներ եղել են, կարող են հիմք լինել չեղարկման համար: Եթե պարզվի, որ իրոք եղել են և դրանք ազդել են տնօրենի ընտրությունների արդյունքների վրա, ուրեմն չեղյալ կհայտարարվի: Եթե չապացուցվի, տնօրենի ընտրությունը կմնա ուժի մեջ: Տիկին Կարապետյանը հնարավորություն ունի տնօրենի ընտրության արդյունքները բողոքարկել դատարանում: Ես որպես վարչապետ չունեմ ոչ մի լիազորություն փոխելու որևէ որոշում: Այսօր երեկոյան Կոտայքի մարզպետը տիկին Բալյանին կնշանակի տնօրեն, որովհետև ուրիշ տարբերակ օրենքով չկա:

– Ո՜չ

Եվ վերջինը, երեխեք ջան, վաղվանից եկեք դասի: Ժողովուրդ ջան, դպրոցը տնօրենը չի

-Տնօրե՜նն է:

– Դա ամենավատ ընկալումն է, որ վարչապետը մտածում է երկիրն ինքն է, որ մարզպետը մտածում է մարզն ինքն է, տնօրենը մտածում է դպրոցն ինքն է: Սա տնօրենի դպրոցը չի, սա ՀՀ դպրոցն է, և ՀՀ դպրոցի բնականոն գործունեությունը վաղվանից կվերականգնվի:

– Ո՜չ:

-Աշակերտներին՝ մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի: Խնդրում եմ որևէ մեկը փորձ չանի ապօրինի ձևով դպրոցի աշխատանքները խոչընդոտել: