Նոր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 7-ին: Այս մասին  հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԿԸՀ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը:

Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու է քվեարկությունից հետո 7-րդ օրը՝ դեկտեմբերի 16-ին. «ԱԺ ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ԿԸՀ-ի համապատասխան որոշումը կայացնելուց հետո 5-րդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, մինչև 18.00-ն (ՀՀ ԸՕ սահմանադրական օրենք 102-րդ հոդված, ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենք 77-րդ հոդվածի 2-րդ մաս): Այսինքն դեկտեմբերի 21-ի ժամը 18.00-ից հետո նոր միայն պարզ կլինի ԱԺ ընտրություններ ՍԴ-ում բողոքարկվել են, թե՝ ոչ»,-ասաց Հովակիմյանը:


Եթե ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվում ՍԴ, ապա, ԱԺ պատգամավորի մանդատները տրամադրում է ԿԸՀ-ն՝ արձանագրությամբ, որը ԿԸՀ-ն կարող է կազմել միայն ընտրությունների արդյունքների բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 22-ից սկսած:

Վահագն Հովակիմյանը նկատեց, որ դեկտեմբերի 22-ը և 23-ը ոչ աշխատանքային օրեր են՝ շաբաթ ու կիրակի. «Այսինքն, պատգամավորի մանդատների տրամադրման արձանագրությունը կազմելու նպատակով ԿԸՀ-ն նիստ կարող է գումարել դեկտեմբերի 24-ից սկսվող աշխատանքային օրերին: Ոչ աշխատանքային օրերին ԿԸՀ նիստերը գումարվում են Սահմանադրությամբ կամ ՀՀ ԸՕ սահմանդրական օրենքով սահմանված ժամկետները պահպանելու դեպքում: Ավելին, պատգամավորի թեկնածուներին գոնե երկու-երեք օր ժամանակ պետք է տրվի՝ ինքնաբացարկներ ներկայացնելու համար: Ըստ այդմ, ԿԸՀ-ն մանդատների տրամադրման արձանագրությունն ամենաշուտը կարող է կազմել դեկտեմբերի 24-ից 28-ն ընկած աշխատանքային օրերի ընթացքում: Մանդատները տրամադրելու արձանագրության հետ միաժամանակ ԿԸՀ պետք է որոշում կայացնի ԱԺ առաջին նիստի օրվա վերաբերյալ (ՀՀ Սահմանդրություն 90-րդ հոդված 5-րդ 6-րդ մասեր, ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանդրական օրենք 32-րդ հոդվածի 2-րդ մաս):

Այս ամենի արդյունքում նոր խորհրդրարանի առաջին նիստը կգումարվի հունվարի 7-ին ժամը 10.00-ին»,-հայտարարեց ՔՊ ներկայացուցիչը:

Իսկ եթե այդուհանդերձ, ԱԺ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկվեն, այդ դեպքում ՍԴ-ն 15 օրվա ընթացքում, այսինքն դեկտեմբերի 22-ից մինչը 2019 թ. Հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում պետք է որոշում կայացնի:

«Ըստ այդմ, նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանը կարող է տեղի ունենալ 2019 թ. հունվարի 14-ին կամ 21-ին»,-ասաց Հովակիմյանը: