Ռուսաստանը պետք է համակերպվի Հայաստանի հետ նոր հարաբերություններին

Հայաստանի Գլխավոր դատախազությունը հաստատել է Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ռուսական բազայի զինծառայողի ձերբակալությունը: Լրատվամիջոցների տվյալներով, ռուս զինծառայողը, որի անունը չի նշվում, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում:

Սա ռուսական 102-րդ բազայի հետ կապված առաջին ողբերգական դեպքը չէ: Իսկ ամենաողբերգականը 2015 թվականի հունվարի 12-ին էր, երբ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին:

Այսպիսի յուրաքանչյուր դեպքից հետո Հայաստանում բողոքի ալիք է բարձրանում ռուսական բազայի դեմ: Ամեն անգամ այդ ալիքը բախվում է քաղաքական պատին, քանի որ հանրային քննարկումները հանգում են նրան, թե արդյոք պետք է բազան դուրս բերել երկրից: Հարցի այսպիսի դրվածքը խեղդում է ավելի կարեւոր դիսկուրսը. ինչպես պետք է ձեւավորվեն բազային տարածք տված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ իրավական հարաբերությունները, որը խիստ շահագրգռված է Թուրքիայի հետ սահմանին բազա ունենալու հարցում:

Մինչեւ հիմա հարաբերություններն ուղղահայաց են եղել. Ռուսաստանը թելադրել է կանոնները, ամեն ինչ արել, որ հայերը ռուսական բազան ընկալեն որպես Հայաստանի անվտանգության միակ երաշխավոր: Այս ուղղահայացն առկա էր նաեւ իրավական հարաբերություններում. Բազայի զինծառայողների կատարած սպանություններն ու այլ հանցանքները քննվել են ռուսական կողմի խիստ վերահսկողության տակ: Իսկ Պերմյակովին ընդհանրապես դատել են ռուսական բազայի տարածքում: 7 մարդու սպանած զինծառայողին, ինչպես պնդում են, հայ քննիչներն ու փաստաբանները գրեթե չեն մոտեցել:

Ո՞վ է այս դեպքում արդարադատություն իրականացնելու: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, եւ նույն օրը լրատվամիջոցները հայտնել են ռուս զինծառայողի ձերբակալման համար: Բայց հայ իրավապահները դեկտեմբերի 10-ին են հայտնել ձերբակալված զինծառայողի մասին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, չհերքելով զինծառայողի մասնակցության փաստը, դեկտեմբերի 3-ին կոչ է արել լարվածություն չառաջացնել չճշտված տեղեկություններով:

Ինչպես այսօր գրել է Սպուտնիկ գործակալությունը, զինծառայողը գտնվում է ռուսական բազայի տարածքում, եւ քննչական գործողությունները կատարվում են բազայի տարածքում:

Կարելի է ենթադրել, որ թե Հայաստանի ղեկավարությունը, թե Ռուսաստանը շահագրգռված են, որ միջադեպը քաղաքական գնահատական չստանա: Բայց դրա գինը կարող է լինել Հայաստանի ինքնիշխան արդարադատության վերականգնումը: Երեւանը պետք է պնդի, որ հայկական կողմն արդարադատություն իրականացնի:

Հայաստանն ու Ռուսաստանը չպետք է բազայի խնդիրը «լինել, թե չլինելուն» հանգեցնեն, այլ հարաբերություններն ուղղահայաց հարթությունից տեղափոխեն հորիզոնական: Հայաստանն ու Ռուսաստանը կարող են վերանայել բազայի տեղակայման պայմանները, եւ Երեւանը կարող է իր պայմաններն առաջադրել: Միեւնույն ժամանակ, ռուսական կողմը պետք է համակերպվի, որ բազայի հարցում լավություն չեն անում Հայաստանին, այն փոխադարձ նշանակություն ունի:

Ռուս զինծառայողի հանդեպ հայկական արդարադատությունն օրենքի ողջ խստությամբ ցույց կտա նրա ծառայակիցներին, որ անպատիժ չեն մնա Հայաստանի քաղաքացու կյանքին ու արժանապատվությանը ոտնձգության դեպքում:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am