Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հետեւել են նաեւ ռուսաստանցի դիտորդներ եւ նրանք արձանագրել են, որ ընտրությունն անցել է օրենսդրության համաձայն, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, որի մեկնաբանությունները Հայաստանի առնչությամբ թե թավշյա հեղափոխությունից առաջ, թե դրանից հետո աչքի են ընկել առանձնակի հմայքով:

Պարզապես, հեղափոխությունից առաջ Զախարովայի հմայքը Հայաստանի իշխող ուժին կարող էր ստիպել արդարանալ Երեւանում Գարեգին Նժդեհի արձան կանգնեցնելու համար: Իսկ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, օրինակ, Մարիա Զախարովայի հմայքը արտացոլում է հայ-ռուսական հարաբերության միջպետականացման բարդ, բայց ըստ էության առողջ գործընթացը:

«Ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների և երկրի օրենքներին համապատասխան։ Դեկտեմբերի 16-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի պաշտոնական տվյալները, և կձևավորվի նոր կառավարություն», հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Հայաստանի հանրությանը դեկտեմբերի 9-ից փաստացի արդեն չորս օր անց հետաքրքրում է, թե նախկինում ընտրությունից գրեթե չորս ժամ անց Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորող Մոսկվան ինչու է հապաղում, ինչու՞ չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին:

Այդօրինակ շնորհավորանքները հայաստանյան իրականության մեջ մատուցվում էին իբրեւ «ամեն ինչ կարգին» է իրողության ինդիկատոր՝ շնորհավորանք կա՞, ուրեմն ամեն ինչ կարգին է, բարեկամությունն ապրում է անշեղ վերելք, ըստ այդմ՝ չկա՞, ուրեմն ամեն ինչ վատ է, կան խնդիրներ:

Իրականում անշուշտ ամեն ինչ թերեւս հակառակն է, եւ ընտրությունից ժամեր անց շնորհավորանքները պարզապես ունեին այսպես ասած դրոշակ տնկելու նպատակ, որով Ռուսաստանը մատնանշում էր իր տիրույթը՝ ոչ ոք իրավունք չուներ լինել առաջինը, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի տիրույթն էր: Այսինքն, այդ շնորհավորանքները բնորոշում էին հարաբերության կցորդային բնույթը եւ ավելի շուտ հիշեցնում էին գլուխ շոյելու, քան շնորհավորանքի միջպետական դրսեւորում:

Դեկտեմբերի 9-ից հետո Ռուսաստանը չի շոյում Հայաստանի գլուխը, ու դա ոչ թե խուճապի, այլ հայ-ռուսական հարաբերության վերափոխման ուղղությամբ թերեւս հանդարտ շունչ քաշելու եւ աշխատանքի ինդիկատոր է: Մոսկվան դրսեւորում է «պետական» վերաբերմունք, հղում է անում դիտորդներին, օրենքներին, ընտրության պաշտոնական արդյունքի հրապարակմանը:

Արդյոք ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը հուշում է, որ միայն պաշտոնական արդյունքի հրապարակումից հետո՝ այսինքն դեկտեմբերի 15-ից հետո է ՌԴ-ն պատրաստվում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանին, թե՞ այդուհանդերձ շնորհավորանք կլինի մինչ այդ:

Դա արդեն սկզբունքորեն չունի նշանակություն, քանի որ ակնառու է երկկողմ հարաբերության բնույթի փոփոխության հերթական միտումը, որը նախկին իշխող համակարգի կրողները անշուշտ դիտարկելու են որպես խուճապի ու տագնապի շեփորման առիթ, իսկ Հայաստանի պետականության կրողների համար դա պետականության համար կարեւոր արտաքին հարաբերության՝ հայ-ռուսական հարաբերության բովանդակային վերափոխման ու միջպետականացման գործընթացի վկայություն է:

Երբ դաշնակիցների խորագրի ներքո վերադաս-ստորադաս հարաբերությունը վերափոխվում է գործընկերայինի, միջպետականի, այստեղ իհարկե որոշակի թեկուզ պայմանական սառնությունը եւ անհարմարությունն անխուսափելի է: Բայց միեւնույն ժամանակ դա հարաբերության բնույթի եւ բովանդակության փոփոխության անխուսափելի անհրաժեշտությունից բխող իրողություն է: Դա պետք է տանի հայ-ռուսական հարաբերություններում դաշնակցային իրական կետերի ամրագրմանն ու դրանց հանդեպ երկկողմ հարաբերության ամրացմանը, երբ շատ հստակ կլինի, թե ինչի համար են իրար հետ սերտ դաշնակցում Հայաստանն ու Ռուսաստանը եւ ինչի համար նրանք կարող են միմյանց հետ լինել բանավեճի կամ անհամաձայնության մեջ: Կամ, ինչպես Պուտինն էր սիրում ասել՝ կառանձնանան կոտլետներն ու ճանճերը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am