ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին պետք է նշանակել երիտասարդ եւ տաղանդավոր գեներալների, ոչ թե թոշակառուի տարիքի պաշտոնյաների: Այս մասին ռուսասատնցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Sputnik-Բելառուսը:

Նա նշեց, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում վերջին քննարկման ժամանակ «ճաշը եփել է» Նիկոլ Փաշինյանը: «Ես չհամաձայնեցի նշանակել թոշակառուի, այլ ներկայացրեցի երիտասարդ գեներալի»,-ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ն պետք է ղեկավարեն «երիտասարդ, տաղանդավոր գեներալները», որոնք կբարձրացնեն կազմակերպության կարգավիճակը:


«Ես ձեզ տալիս եմ գործող գլխավոր քարտուղարի, երիտասարդ գեներալի (Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զաս): Խելացի տղա է, շտաբային աշխատանքի շատ փորձ ունի: Նա պետքարտուղար է, նրան բոլոր նախագահները գիտեն»,ընդգծել է Լուկաշենկոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Արեւմուտքը»:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ առաջարկել է, որ Զասը այցելի ՀԱՊԿ անդամ երկրներ, այդ թվում Հայաստան: «Եթե դուք պատրաստ եք ընդունել, լսել… կարող եք չհամաձայնել (նրա թեկնածությանը), կարող եք հետեւել ձեր սկզբունքներին, բայց դուք նրա հետ խոսեք: Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից»,-ամփոփել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, երբ Փաշինյանը զանգահարել է իրեն, ինքը հարցրել է. «ինչո՞ւ ես կալանավորել Խաչատուրովին քաղաքական դրդապատճառներով»:

«Ես նրան ասացի, որ ես կողմ չեմ, երբ կալանավորում են քաղաքական դրդապատճառներով»,-ասել է Բելառուսի նախագահը:

Բացահայտելով, թե ինչ է քննարկվել փակ դռների հետեւում Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը, Լուկաշենկոն հայտնել է, որ եւ Ռուսաստանի, եւ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել եւ չի խորհրդակցել կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ: «Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ Փաշինյանը»,-ընդգծել է նա: